00:00:00

5 կուսակցություն պահանջում է, որ նախագահը ստորագրի ԸՕ փոփոխությունների նախագիծը

13:28, 13 ապրիլ 2021

 Հինգ կուսակցություններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով Հանրապետության նախագահից ստորագրել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: «2021 թվականի ապրիլի 1-ին Ազգային ժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով նախատեսվում է վերացնել «ռեյտինգային» ընտրակարգը և գալիք արտահերթ ընտրություններն անցկացնել սովորական համամասնական ընտրակարգով:
Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս, ունենալով բազում տարաձայնություններ, համակարծիք ենք, որ «ռեյտինգային» ընտրակարգն աղավաղում էր ընտրությունների քաղաքական մրցակցության տրամաբանությունը, և այդ ընտրակարգից հրաժարումը բխում է հանրային կարծիքից ու հանրային շահից: Այս հարցը, թերևս, վերջին տարիներին ամենաշատը քննարկված օրենսդրական փոփոխություններից մեկն է:
Ավելին, հարկ ենք համարում արձանագրել, որ «ռեյտինգային» ընտրակարգը նաև շեղվում էր Սահմանադրությամբ ամրագրված համամասնական ընտրակարգի տրամաբանությունից, ինչն արձանագրել են թե՛ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի բազմաթիվ դերակատարներ, թե՛ փորձագետներ և թե՛ Վենետիկի հանձնաժողովը՝ դեռևս սկսված 2016 թվականից: Թեև ներքոստորագրյալ կուսակցություններն ունեն տարբեր կարծիքներ կապված ընտրությունների կազմակերպման հետ, սակայն փաստում ենք, որ այս փոփոխությունը դրական կանդրադառնա ընտրությունների որակի վրա: Միաժամանակ, համարում ենք, որ մարտ ամսին շրջանառված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթում առկա են մի շարք այլ կարևորագույն առաջարկներ, որոնց ընդունումը ևս կխթանի առաջիկա ընտրությունների ժամանակ մրցակցության քաղաքական բաղադրիչի աճը: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ համարում ենք, որ 1. Հանրապետության նախագահը պետք է օր առաջ ստորագրի ապրիլի 1-ին խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը՝ որպես Սահմանադրությամբ ամրագրված ընտրակարգի վերականգնում,
2. Ազգային ժողովը հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է ընդունի Ընտրական օրենսգրքի ընտրական բարեփոխումների մնացած հատվածը (այդ թվում՝ ընտրական հանցագործությունների խստացումը)՝ ապահովելու ընտրությունների անցկացումն առավել քաղաքական մրցակցության մթնոլորտում: Սույն հայտարարությունն ստորագրում են հետևյալ քաղաքական ուժերը՝ «Արդար Հայաստան» կուսակցություն «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն «Հանրապետություն» կուսակցություն «Հանուն Հանրապետության» կուսակցություն «Միավորված Աշխատանքային կուսակցություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր