00:00:00

ՏՄՊՊՀ-ն մոլորեցնում է հանրությանը. իշխանություններին սիրաշահելու փոխարեն ձեր գործով զբաղվեք. Պարսյան

18:26, 12 ապրիլ 2021 Տնտեսություն

Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահը հայտարարեց, որ կաթնամթերքի շուկայում գների էական բարձրացում չկա, և իրենց ուսումնասիրությունների դաշտից դուրս է, քանի որ այստեղ գործում են բազմաթիվ տնտեսվարողներ, և համակենտրոնացման մակարդակը բարձր չէ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: «Ուշագրավ է, որ մրցակցության հանձնաժողովը, որը կոչված է պայքարել հանրությանը մոլորեցնողների դեմ, հենց ինքն է փորձում մոլորեցնել։ Մասնավորապես՝ 1․ ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անարատ կաթի գինը բարձրացել է +1,6%, կաթ պահածոյացված՝ +5,2%, յոգուրտ, մածուն՝ +3,7%, պանիր և կաթնաշոռ՝ +1,5%, այլ կաթնամթերք՝ +4,5%, յուղեր և ճարպեր՝ +24,6%, կարագ՝ +6,9%, մարգարին և բուսական յուղեր՝ +4,9։ Սա այն դեպքում, երբ միջին անվանական աշխատավարձն աճել է ընդամենը +0,8 տոկոս, կամ գրեթե չի աճել։ 2․ Կաթնամթերքի շուկայի առանձին ապրանքախմբերում, օրինակ՝ կարագի, թթվասերի և այլն, գործում են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, որոնք վերահսկում են ոչ միայն մեծածախ, այլ նաև մանրածախ շուկաները։ Տպավորություն է ստեղծվում, որ Հանձնաժողովի նախագահը չի կարդացել (կամ տեղյակ չէ) 2020 թվականի փետրվարի 1-ին հրապարակված ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությունը (https://bit.ly/3wNbxHE), ըստ որի՝ կարագի ներմուծման դեպքում 3 կազմակերպություններին բաժին է ընկնում շուկայի 66%-ը, և համարվում են գերիշխող դիրք ունեցող (մենաշնորհ)։ Ընդորում՝ հանրությանը հայտնի օլիգարխին պատկանող «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ-ն թիվ մեկ ներկրողն է, այսինքն՝ կարագի գնի 6,9 տոկոս բարձրացման համար թիվ մեկ բացատրություն տվողն և պատասխանատուն հենց այդ ընկերությունն է։ Հ․Գ․ Մոտ օրերս առավել մանրամասն կանդրադառնանք կաթնամթերքի շուկային և առկա խնդիրներին։ Մինչ այդ, գործող իշխանություններին սիրաշահելու փոխարեն ձեր գործով զբաղվեք»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր