00:00:00

Նա մեկն էր երբևէ իմ ճանաչած հայրենանվեր հայորդիներից․ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձը

16:50, 09 ապրիլ 2021

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բարերար, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում մասնավորապես ասված է. «Խոր վշտով տեղեկացա Հրայր Հովնանյանի մահվան մասին: Նա մեկն էր երբևէ իմ ճանաչած հայրենանվեր հայորդիներից, ով Հայաստանի անկախության առաջին տարիներից սկսած անգնահատելի աջակցություն է ցուցաբերել հայրենիքին բոլոր ոլորտներում, որտեղ դրա կարիքը եղել է՝ պաշտպանության, անվտանգության խնդիրներից սկսած մինչև աղետի գոտու վերականգնում և համազգային կարևորության բազմաթիվ այլ խնդիրներ: Հրայր Հովնանյանը նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հիմքում ամուր կանգնած մեր ազգային գործիչներից էր, ով ծանրակշիռ դեր է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ինչպես նաև Ամերիկայի հայկական համագումարի աշխատանքներում: Հրայր Հովնանյանի և իր լուսահոգի տիկնոջ՝ Աննա Հովնանյանի բարերարությամբ Հայաստանում և Արցախում իրականացված հարյուրավոր ծրագրեր այլևս նրանց կենսագրության կարևորագույն էջերից են: Հայ ժողովուրդը, վստահ եմ, արժանվույնս կգնահատի իր նվիրյալ զավակի գործունեությունը, և Հրայր Հովնանյանի հիշատակը մշտապես վառ կմնա սերունդների հիշողության մեջ։ Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Հրայր Հովնանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին: Աստված թող լուսավորի Հրայրի ազնիվ հոգին և սփոփանք ու մխիթարություն պարգևի նրա կորուստը սգացողներին: Հրայր Հովնանյանի բարի գործերը, վստահաբար, բարեխոս կլինեն և նրա առաքինի կյանքի լավագույն վկայությունները կդառնան երկնային կյանքում: Հանգչի՛ր խաղաղությամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր