00:00:00

ՊՆ-ն զոհերի թիվ է տրամադրել. Փաշինյանի հայտնած տվյալների հետ դրանք չեն համապատասխանում. Sputnik Արմենիա

23:52, 05 ապրիլ 2021 Լեռնային Ղարաբաղ

Sputnik Արմենիան պաշտպանության եւ առողջապահության նախարարություններ հարցումներ էր ուղարկել հասկանալու համար, թե զոհվածների եւ դատաբժշկական փորձաքննության անձանծ դիերի ու մասունքների թվային ինչ տվյալներ կան։ Ներկայացվում են պատասխանները։ Մարտի 31-ի դրությամբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հաշվառվել է 3049 զոհված անձ։ Ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման` տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին Արագածոտնի մարզում հայտնել էր, որ պաշտոնապես հաստատված զոհերի թիվը 3250 է։ Ավելին, նրա խոսքով` 189 ծնող ԴՆԹ նմուշ են հանձնել եւ սպասում են պատասխանի։ Ստացվում է` Փաշինյանը 11 օր շուտ 201–ով շատ էր ասել զոհերի թիվը։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հստակեցնում են` 3049 թիվը վերաբերում է եւ՛ զինծառայողներին, եւ՛ մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցած քաղաքացիական անձանց։ Առողջապահության նախարարություն նույնպես հարցում էին ուղարկել` հետաքրքրվելով դատաբժշկական փորձաքննությունների ընթացքի մասին։ Ի պատասխան տրամադրել են մարտի 31-ի դրությամբ եղած տվյալները։ «Մարտի 31-ի դրությամբ կատարվել է 3723 դիակի եւ մասունքի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն օրվա դրությամբ առկա է 238 մարմնի եւ մասունքի փորձանմուշ, որոնք պետք է անցնեն հետազոտություններ»,–նշված է լրատվամիջոցի ուղղված գրության մեջ։ Սա, սակայն, չի նշանակում, որ այդ օրվա դրությամբ 3723 զոհ կա, քանի որ կան կրկնակի հետազոտության դեպքեր, ինչպես նաեւ հետազոտությունից հետո կարող է պարզվել, որ 1-2 մասունքները նույն անձին են պատկանում։ Բացի այդ, առողջապահության նախարարությունից հայտնում են նաեւ, որ մարտի 31-ի դրությամբ դատագենետիկական փորձաքննություններով նույնականացվել է 2302 զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմին եւ մասունք: Սա նույնպես չի նշանակում, որ այդքան անձի ինքնություն է նույնականացվել նույն սկզբունքով. մի քանի մասունք կարող են նույն անձինը լինել։ Կան նաեւ մի շարք դեպքեր, երբ զոհվածի դին միայն դատաբժշկական փորձաքննության է ենթարկվում, իսկ ԴՆԹ հետազոտումից ծնողները հրաժարվում են, քանի որ ակնհայտորեն ճանաչում են իրենց հարազատին։ Հավելենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` հայկական կողմի զոհերի թիվը 4000–ի է հասնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր