00:00:00

Ի՞նչ խնդիրներ է առաջացնում AstraZeneca պատվաստանյութը, ինչո՞ւ են Եվրոպայում հրաժարվում դրանից. Գերմանիայում աշխատող հայազգի բժիշկը մանրամասնում է

02:40, 05 ապրիլ 2021

Գերմանիայում արդեն տևական ժամանակ մասնագիտական բավականին լայն շրջանակներ ակտիվորեն քննարկում են կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո գլխուղեղում թրոմբի առաջացման հավանականությունը։
2.3 միլիոն մարդ Գերմանիայում արդեն իսկ ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին դեղաչափը, և շուրջ 800 մարդ՝ երկրորդ չափաբաժինը։ Սակայն ավելի քան 30 պացիենտների մոտ պատվաստանյութի ներարկումից 6-10 օր հետո, որպես բարդություն, առաջացել է գլխուղեղի երակային համակարգում թրոմբոզ, և դրանցից մի քանիսը՝ անգամ մահացու ելքով։ Այդ իսկ պատճառով՝ այս պահին գործում են խիստ սահմանափակումներ AstraZeneca պատվաստանյութի կիրառելիության նկատմամբ։
Թեմայի վերաբերյալ 168.am-ը զրուցել է բժիշկ-նյարդաբան, Բեռլինի Շարիտե համալսարանական կլինիկայի ասպիրանտ Սարգիս Աբրահամյանի հետ: – Որպես նյարդաբան՝ կմանրամասնեք՝ ի՞նչ է գլխուղեղի թրոմբոզը, և ինչքանո՞վ է այն վտանգավոր։ – Գլխուղեղի երակային համակարգում և երակածոցերում թրոմբոզի առաջացումը, որպես առանձին հիվանդություն, բավականին լավ ուսումնասիրված է և հայտնի է նյարդաբանության մեջ։ Այն հիմնականում առաջանում է երիտասարդների մոտ, և կանայք երկու անգամ ավելի հաճախ են ունենում տվյալ խնդիրը։ Թրոմբոզի առաջացման պատճառները բավականին տարբեր են և ուղիղ կապ ունեն այնպիսի ռիսկի գործոնների հետ ինչպիսիք են ծխելը, հակաբեղմնավորիչ հաբերի կիրառումը, հղիությունը, արյան մի շարք հիվանդությունները, չարորակ գոյացությունների և աուտոիմուն հիվանդությունների առկայությունը։ Թրոմբի առկայությունը գլխուղեղի երակներում հանգեցնում է ներգանգային ճնշման բարձրացմանը, որը կարող է ունենալ տարբեր կլինիկական դրսևորումներ։ Ամենահաճախ հանդիպող դրսևորումը գլխացավն է, սակայն կարող են ի հայտ գալ մի շարք այլ նշաններ՝ տեսողության խանգարում, գիտակցության խանգարումներ, ընդհուպ՝ մինչև ցնցումների առաջացում։ – Ի՞նչ գանգատներ են ունենում հիվանդները պատվաստումից հետո, և ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի։ – Քանի որ տվյալ խնդիրը հիմնականում առաջանում է երիտասարդների մոտ, այդ իսկ պատճառով այս պահին AstraZeneca պատվաստումը Գերմանիայում իրականացվում է միայն 60 տարեկանից բարձր անձանց շրջանում։ Տվյալ տարքային շեմից բարձր խմբերում հավանականությունը տվյալ բարդության առաջացման բավականին ցածր է։ Սակայն, եթե պատվաստումից 6-10 օր հետո առաջանում է գլխացավ և շարունակում է անհանգստացնել մարդուն՝ օրեր շարունակ, և եթե ցավազրկողների ընդունումն օգտակար չէ, անհրաժեշտ է դիմել բժշկի։
– Եթե խոսքը թրոմբի առաջացման մասին է, ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ տվյալ մարդկանց մեծ մասի մոտ գրանցվել է ոչ թե թրոմբոցիտների քանակի բարձրացում, այլ ընդհակառակը՝ թրոմբոցիտների քանակը եղել է բավականին ցածր։ – Բավականին հետաքրքիր հարցադրում է, և կարծում եմ՝ կարևոր է անդրադառնալ այս հարցին։ AstraZeneca պատվաստանյութից հետո առաջացած թրոմբոզի մեխանիզմը մի փոքր այլ է մեզ հայտնի մեխանիզմներից։ Գրայֆսվալդի համալսարանական կլինիկայի իմունաբանության և փոխներարկման բժշկության աշխատանքային խումբը հետազոտել և հրապարակել է AstraZeneca պատվաստանյութի և թրոմբոզի առաջացման մեխանիզմը։ Ըստ այդմ, իմունային համակարգն ակտիվանում է և արտադրում հակամարմիններ՝ սեփական օրգանիզմի թրոմբոցիտների նկատմամբ։ Դրա արդյունքում նվազում է թրոմբոցիտների քանակն արյան մեջ, սակայն այդ պրոցեսի արդյունքում նաև մեծանում է թրոմբոցիտների ագրեգացիոն հատկությունը, որն էլ պատճառ է դառնում գլխուղեղի երակային համակարգում թրոմբի առաջացման։ Այս մեխանիզմը նման է մասնագետներին հայտնի հեպարին-հարուցված թրոմբոցիտոպենիա առաջացմանը, և դրա իմացությունը նյարդաբանների համար կարևոր է, քանի որ դրանով պայմանավորված բուժումն էականորեն տարբերվում է մեզ հայտնի գլխուղեղի երակների և երակածոցերի ժամանակ կիրառվող բուժումից։ – Արդյո՞ք պատվաստման և սինուսային երակների թրոմբոզի կամ թրոմբոցիտոպենիայի կապն արդեն հստակ ապացուցված է:
– Շատ երկրներում կա՛մ ժամանակավորապես դադարեցվել է պատվաստանյութի կիրառումը, կա՛մ կիրառվում է խիստ սահմանափակմամբ։ Այս պահին առկա տվյալներով՝ սինուսային երակների թրոմբոզի առաջացումը համարվում է՝ որպես տվյալ պատվաստանյութի կողմնակի ազդեցություն։ – Ինչպիսի՞ հետազոտություններով կարելի է ախտորոշել տվյալ բարդությունը։ – Առաջին հերթին անհրաժեշտ է մանրակրկիտ անամնեզ և նյարդաբանական հետազոտություն։ Եթե դրանից հետո առկա է թրոմբոզի կասկած, անհրաժեշտ է արյան ընդհանուր անալիզ, որում, ինչպես արդեն նշեցի, կարող է ի հայտ գալ թրոմբոցիտների քանակի նվազում։ Տվյալ կասկածի դեպքում արյան մեջ անհրաժեշտ է որոշել նաև Դ-Դիմերի ցուցանիշը, որի առկայությունը կարող է վկայել օրգանիզմում թրոմբի առկայությունը, սակայն վերջինս վստահելի ցուցանիշ չէ, և թեստի բացասական արդյունքով հնարավոր չէ բացառել թրոմբոզի առկայությունը։ Վերջնական ախտորոշումը դրվում է համակարգչային շերտագրման կամ ՄՌՏ հետազոտության միջոցով, որոնք հնարավորություն են տալիս տեսանելի դարձնել գլխուղեղի երակային համակարգը և թրոմբի առկայությունը։ Որպես հաստատված փաստ, եթե պացիենտը երիտասարդ է և գտնվում է ռեպրոդուկցիոն տարիքում, անհրաժեշտ է հնարավորինս խուսափել ԿՏ հետազոտությունից, քանի որ ռենտգենյան ճառագայթներն անցանկալի հետևանքներ կարող է ունենալ ռեպրոդուկցիոն օրգանների համար, և այդ դեպքում նախընտրելի է ախտորոշումն իրականացնել ՄՌՏ հետազոտության միջոցով։ – Եթե պատվաստանյութից հետո առաջանում է այդ բարդությունը, արդյո՞ք ենթարկվում է բուժման։ Կարելի՞ է արդյոք տվյալ դեպքում կիրառել արյունը ջրիկացնող դեղորայք։ – Ինչպես արդեն խոսեցինք, տվյալ դեպքում թրոմբոզի առաջացման մեխանիզմն էականորեն տարբերվում է և նման է հեպարին-հարուցված թրոմբոցիտոպենիային։ Հեպարինը հանդիսանում է թրոմբագոյացումը կանխող դեղամիջոց, հասարակությանն ավելի հայտնի արյունը ջրիկացնող դեղորայք։ Սակայն որոշ դեպքերում օրգանիզմը հակառակ կերպ է արձագանքում տվյալ դեղամիջոցի նկատմամբ և առաջացնում թրոմբոցիտների թվի նվազում և պարադոքսալ կերպով թրոմբոզների առաջացում։ Հետևաբար, եթե գլխուղեղի երակային համակարգում և երակածոցերում թրոմբոզի առկայությունը պայմանավորված է պատվաստանյութի հետևանքով, կտրականապես արգելված է կիրառել հեպարին։ Տվյալ դեպքում բուժումն իրականացվում է թրոմբինի ուղղակի ինհիբիտոր՝ «Առգատռոբան»-ի, որը հանդիսանում է հակամակարդիչ պրեպարատ, և ներերակային իմունոգլոբինների կիրառմամբ։ – Արդյոք առկա՞ է նման բարդություններ այլ պատվաստանյութերի կիրառումից հետո։  Ի՞նչ կարծիք ունեք Sputnik V պատվաստանյութի վերաբերյալ։   – Եվրոպական երկրներում այլ պատվաստանյութերի կիրառման հետևանքով նման բարդություններ չեն գրանցվել։ Sputnik V-ի նկատմամբ բավականին մեծ հետաքրքրություն կա նաև Գերմանիայում։ «Լանցետ» բժշկական ամսագրում հրապարակվել է Sputnik V-ի վերաբերյալ հետազոտություն, որի համաձայն՝ տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը 91,6 տոկոս է, և ծանր կողմնակի ազդեցություններ նկարագրված չեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր