00:00:00

Ինչո՞ւ են օդանավակայանում աշխատող այդ 20 մեքենաներն արժանացել այն պատվին, որ օրենք ընդունեն դրանց մասին. Վահագն Սահակյանը՝ կառավարության նոր որոշման մասին

01:27, 05 ապրիլ 2021

Ապրիլի 1-ին՝ հերթական նիստի ժամանակ, Կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջարկած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: Օրենսդրական փաթեթով կկանոնակարգվի օդանավակայանների տարածքում տաքսու ծառայությունների մատուցման գործընթացը, կբարձրանա սպասարկման որակը, կբացառվեն ոլորտում անօրինական փոխադրումները: Հիմնավորման համաձայն, օդանավակայանների տարածքում առանձին կարգավորում չունի տաքսի ծառայությունների մատուցման գործընթացը, ինչի արդյունքում տաքսի ծառայություններ մատուցողների կողմից անընդունելի վարքագիծ է դրսևորվում օդանավակայանների տարածքում ուղևորների նկատմամբ՝ նրանց բանավոր հավաքագրելու միջոցով անհանգստություն պատճառելու արդյունքում: ՀՀ մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է: Բացի այդ, օդանավակայանի տարածքից տաքսի ծառայություն մատուցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները չունեն հնարավորություն օգտվելու տաքսու կայանատեղիից, ինչը անհավասար պայմաններ է առաջացնում փոխադրողների համար:
Ըստ այդմ, տաքսամոտորային փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար օդանավակայանի տարածքից փոխադրումներ իրականացնելու հավասար պայմաններ ստեղծելու նպատակով առաջարկվում է տրամադրել օդանավակայանի մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման Ա տիպի լիցենզիա: Միաժամանակ առաջարկվում է կանոնակարգել օդանավակայանների տարածքում տաքսի ծառայություն մատուցողների կողմից տարբեր տիպի, այդ թվում՝ բանավոր գովազդը: Ա տիպի լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 200.000 դրամ: Սահմանվում են օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների կահավորմանը, արտաքին տեսքին և տարիքին ներկայացվող պահանջները: Սահմանվում է նաև վարչական տույժ խախտումների դեպքում: Օրենսդրական նախագծերի փաթեթը նաև նախատեսում է, որ «Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև յոթ տարեկան սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին ունեցող» ավտոմեքենաներ»: Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը 168.am-ի հետ զրույցում լսելով որոշման մասին՝ զարմացավ, թե ինչո՞ւ որոշումը չի վերաբերում բոլորս տաքսիներին: «Մենակ օդանավակայանի մասի՞ն են որոշում ընդունել, մնացած տաքսիների մասին դեռ ոչ մի բան չկա՞: Լիցենզավորում են միայն օդանավակայանի տաքսինե՞րը: Լավ, զբոսաշրջիկը եկավ Երևան, մնաց հյուրանոցում, երբ օգտվեց սովորական տաքսուց,  չի՞ հարցնելու՝ մի րոպե, այնտեղ տաքսին լիցենզիա ուներ, դու ինչո՞ւ չունես, ինչո՞ւ ես անօրինական վարում: Ինչո՞ւ են օդանավակայանում աշխատող այդ 20 մեքենաներն արժանացել այն պատվին, որ օրենք ընդունեն դրանց մասին: Չնայած օրենքը կար. միայն գույնն են սահմանել և նախկին 10 տարվա փոխարեն՝ սարքել են 7 տարի»,- ասաց Վահագն Սահակյանը: Հարցին՝  արդյո՞ք այս որոշումը կբարձրացնի սպասարկման որակը, կբացառվե՞ն անօրինական փոխադրումները, Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահը պատասխանեց. «Առանց այն էլ մոնոպոլիա է, որովհետև օդանավակայանը մասնավոր կառույց  է, ու ինքն է որոշում, թե իր տարածքում որ տաքսիները կարող են կայանել: Իհարկե, որակի բարձրացումը պետք է՝ կարևոր է, որ տաքսին լավը  լինի, որովհետև զբոսաշրջիկը առաջինը շփվում է տաքսու վարորդի հետ ու կարող է ըստ այդմ պատկերացում կազմել ամեն ինչի մասին: Բայց առանց այս էլ օդանավակայանում մոտ 20 տաքսի էր աշխատում, ամբողջ կառավարության պոտենցիալը ներդրել են 20 մեքենայի լիցենզիա տրամադրելու համա՞ր: Բա մնացած 60.000-ը: Աբսուրդ է: Այսինքն, բան չունեն անելու՝ մնացել էր օդանավակայանի 20 տաքսին»,- նկատեց Վահագն Սահակյանը: Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահը կարևորեց բոլոր տաքսի ծառայությունների՝ օրենքի դաշտում, հավասար պայմաններում աշխատելը: «Օրինակ, «Յանդեքս» տաքսին օրվա տարբեր ժամերին տարբեր գներ է սահմանում: Բազմիցս բարձրացրել եմ հարցը, թե կարելի՞ է մի քանի անգամ գին փոխել: Ասում են, թե այս ժամերին խցանումներ են լինում: Համաձայն եմ, հիմա խցանման ժամանակ կարագի գինը պե՞տք է բարձրանա խանութում, քանի որ առաքիչների մեքենաները ևս խցանման մեջ են մնացել: Ի՞նձ ինչ, որ խցանում է, դե գիշերն էլ ամբողջ ճանապարհը ազատ է, 30 դրամով տարեք, ընդհանրապես մեքենա չկա փողոցում: Եվ, եթե քաղաքից դուրս ես տանում՝ 1 կիլոմետրը 20 դրամ թող լինի, մայրուղի է, ոչ բենզին ես ծախսում, ոչ ժամանակ, ոչ վարորդդ է հոգնում, ոչ էլ մեքենադ է փչանում: Գարեջրատան պատմությունը գիտեք, չէ՞. Հաճախորդը փողը տալիս է, բայց  կիսատ է բարմենը լցնում բաժակը, սա, թե՝ ամբողջ գումարը տվեցի՝  ինչո՞ւ բաժակս  կիսատ լցրեցիր, բարմենը պատասխանում է՝ լավ չեմ տեսնում: Հաճախորդը, թե՝ լավ չէիր տեսնում՝ լցնեիր, թափվեր: Բարմենն արձագանքում է՝ հո ես կո՞ւյր չեմ: Հիմա սրանցն է. երբ իրենց օգուտ է, ասում են, թե խցանում է, երբ վնաս է, ասում են՝ հո ապուշ չե՞նք, որ էժան քշենք»,- ասաց Վահագն Սահակյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր