00:00:00

Կորոնավիրուսով 2000 պացիենտ կա հիվանդանոցներում. առողջապահական համակարգը կարող է կոլապսի առջեւ հայտնվել

22:23, 22 հոկտեմբեր 2020

Այս պահի դրությամբ Հայաստանի հիվանդանոցներում կորոնավիրուսային վարակով մոտ 2000 պացիենտ է բուժվում: Շատ են նաեւ հիվանդները, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, սակայն ստիպված են սպասել, որ հիվանդանոցներից մեկում տեղ ազատվի եւ որ իրեն կարողանան ընդունել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը: Նրա խոսքով՝ քիչ չեն դեպքերը, երբ ծանր հիվանդներին ստացիոնար պայմաններում բուժում են մեկ-երկու օր, վիճակը կայունացնում են եւ դուրս գրում, որպեսզի կարողանան հաջորդ պացիենտներին ընդունել: Մասնագետի խոսքով՝ չնայած առողջապահական համակարգի ռեսուրսները անընդհատ ընդլայնվում են, անընդհատ նոր հիվանդանոցներ են վերապրոֆիլավորվում, վարակակիրների թվի աճը կարող է բերել նրան, որ համակարգը կոլապսի առջեւ հայտնվի, եւ հիվանդանոցներում այլեւս տեղ չլինի ծանր հիվանդներին ընդունելու համար: Այս իրավիճակի պատճառը, ինչպես նշեց Լուսինե Պարոնյանը, կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի զգալի աճն է, որը գրանցվում է վերջին օրերին. ամեն օր մոտ 500 դեպքով ավելի է գրանցվում, քան նախորդ օրը, եւ դա լուրջ խնդիր է առողջապահական համակարգի համար: Թվերի աճն էլ պայմանավորված է նրանով, որ պատերազմական իրավիճակում բոլորի ուշադրությունը ռազմաճակատի կողմն է ուղղված, եւ կորոնավիրուսը կարծես երկրորդ պլան է մղվել: Սակայն, մասնագետի խոսքով, չի կարելի մոռանալ, որ այս իրավիճակում բժիշկները եւ առողջապահական ռեսուրսները անհրաժեշտ են նաեւ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով վիրավորված զինվորներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր