Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է անթույլատրելի ճանաչել քննիչ Հրաչյա Մուշեղյանի ձեռք բերած ապացույցները:
Ըստ նրա` քննիչ Մուշեղյանը բազմաթիվ կոպիտ եւ ակնհայտ խախտումներ է թույլ տվել նյութերի հավաքման ընթացքում: Փաստաբանը նշել է պատճառները, թե ինչու այս կամ այն ապացույցը կարող է անթույլատրելի ճանաչվել: Արձանագրում ենք, որ քննիչ Մուշեղյանը ենթակա է բացարկի: Սխալների քանակը եւս հիմք է հանդիսանում հետաքննությունից նրա հեռացման համար: Խուդոյանը նշեց, որ նրա կողմից ցուցաբերված կողմնակալությունը եւս վկայում է այդ մասին: Որպես օրինակ` փաստաբանը նշեց այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ ունեցվածքի կալանքը չի կարող օրինական համարվել:
Արդյունքում դատարանը մասամբ չեղյալ հայտարարեց կալանքը, ինչը խոսում է նաեւ քննիչի գործողությունների ոչ իրավաչափության մասին, նշեց Խուդոյանը: Նույն քննիչը կալանք է սահմանել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների ունեցվածքի, նրա որդիների հաշիվների ու անշարժ գույքի վրա: Որոշումը բողոքարկվել եւ մասամբ չեղարկվել է: Դատարանը հայտարարեց, որ քննիչն ի սկզբանե հիմքեր չուներ Լեւոն Քոչարյանի ունեցվածքի նկատմամբ կալանք սահմանելու համար: Սեդրակ Քոչարյանի մասով այն անփոփոխ է մնացել:
Տանն իրականացված խուզարկությունը, փաստաթղթերի եւ օրինական պահվող զենքի, համակարգչի եւ սկավառակների առգրավումը` առավել եւս, որ փաստաթղթերը վերաբերում էին աշխատանքին «Սիստեմա» ընկերությունում 2017 թվականից հետո եւ որեւէ կերպ չէին կարող առնչվել 2008-ի իրադարձություններին: Անձնագրից բացի, անձը հաստատող փաստաթղթերի առգրավումը կալանքի պահին եւս խախտում էր, նշել է Խուդոյանը: Առգրավված ունեցվածքի մի մասը դեռ մինչեւ այժմ գտնվում է ՀՔԾ-ում եւ չի վերադարձվել օրինական տիրոջը:
Մեկ այլ խախտում կապված է անձնագիրը Ռոբերտ Քոչարյանին վերադարձնել հրաժարվելու հետ Վերաքննիչ դատարանի կողմից կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու որոշումից հետո: Չնայած նրան, որ այդ ժամանակ Քոչարյանի նկատմամբ ոչ մի խափանման միջոց չկար, քննիչը հրաժարվել է վերադարձնել անձնագիրը: Քննիչին տեղեկացվել է, որ, 2017-ի Սահմանադրական դատարանի նախադեպային որոշման համաձայն, անձնագիրն անհրաժեշտ է վերադարձնել, իսկ հրաժարվելը հակասում է Սահմանադրությանը: Սրան Մուշեղյանը պատասխանել է, որ որոշումն անփոփոխ կմնա: Ավելի ուշ դատարանը ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի իրավունքները: Փաստաբանը կարծում է, որ նման գործողությունների պատճառը ոչ թե քննիչի պորֆեսիոնալիզմի պակասն է, այլ` նրա կողմնակալ վերաբերմունքը:
Խախտումների ապոֆեոզը դարձավ խոստովանությունը, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դեմ գործի կարեւոր մասում ընտրվել են «մեղադրյալներին վերաբերող եւ նրանց մեղավորությունը հիմնավորող նյութեր»: Այսպիսով, փաստաբանը միջնորդեց քննիչ Մուշեղյանի կողմից ստացված նյութերն անթույլատրելի ճանաչել եւ հանել դրանք գործի նյութերից: Քննության փուլում Մուշեղյանին բացարկմանը հասնելու փաստաբանների փորձերն անհաջող էին, եւ այժմ քննության արդյունքում նրան պատճառված վնասը վերականգնելու հնարավորությունը սահմանափակվում է հավաքված նյութերը եւ ապացույցներն անթույլատրելի ճանաչմանը: Ընդ որում, փաստաբանը հավելեց, որ Մուշեղյանը նույն կերպ է վերաբերվել ոչ միայն Քոչարյանի, այլ նաեւ այլ ամբաստանյալներին` պարբերաբար խախտելով նրանց իրավունքները:
Որպես միջնորդության համահեղինակ` փաստաբան Արամ Օրբելյանը մեջբերեց եվրոպական օրենսդրության դրույթները: Նա հատկապես շեշտեց նախնական սուբյեկտիվ վերաբերմունքի անթույլատրելիությունը, որի դեպքում քննիչը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել: «Նշված հիմնարար խախտումները ոչ մի դեպքում սպառիչ չեն: Ամենաաղմկալիցներից երկուսը գաղտնալսման հայտնի ձայնագրությունը եւ ՍԴԿ ղեկավարի կողմից անմեղության կանխավարկածի խախտումն է: Միջազգային ստանդարտներն ասում են` եթե խախտումները վերացվեն, քննությունը կարող է շարունակվել: Այս պարագայում երկրի օրենսդրությունը միտումնավոր խախտվել է, ինչը վկայում է պարոն Քոչարյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մասին: Մուշեղյանի գործողություններն ինքնին անօրինական են: Նա ի վիճակի չէր օբյեկտիվորեն գնահատել ապացույցները: Խախտումները վերացնելու միակ միջոցը գործողություններն անօրինական ճանաչելն է, քանի որ խախտումները համակարգային բնույթ էին կրում, համապատասխան ապացույցներն անթույլատրելի ճանաչելը»,- նշեց Արամ Օրբելյանը: