Ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանի երեկվա գրառման վերաբերյալ պարզաբանում է տվել։
Ոստիկանությունից հայտնում են, թե Բաբայանի պնդումն առ այն, որ ոստիկաններին հանձնարարված է օրական որոշակի թվով քաղաքացիների տուգանել դիմակ չկրելու համար, խեղաթյուրման հետևանք է։ Ոստիկանության պարզաբանմանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բաբայանը և նշել է, որ որպես խեղաթյուրման ապացույց, ոստիկանությունն իբր իր հրապարակած արձանագրության բնօրինակն է հրապարակել, որտեղ, իբր, գրված է ոչ թե ամսի 18, այլ՝ 17։
«Անզեն զննությամբ էլ ակնհայտ է դառնում, որ իմ հրապարակած և միլիցիայի տարածած արձանագրությունները տարբերվում են (տարբերությունները նշված են լուսանկարներում)։ Ինձ հետ միլիցիայից իսկապես կապվել են և հայտնել, որ արձանագրությունը կազմված է ամսի 17-ին, ինչին ի պատասխան հայտնել եմ, որ միլիցիայի հայտնած տեղեկությունը հավատ չի ներշնչում»,-գրել է նա։
Բաբայանը նաև նշում է, որ սահմանվել է, որ արարողակարգային միջոցառումները, եթե վարում է Փաշինյանը, կարելի է մասնակցել առանց դիմակների։
«Իրականում վիճակն իսկապես չափազանց բարդ է, որպեսզի մեզ թույլ տանք անմեղսունակի կառավարությանը հանդուրժենք ու դրա ղեկավարի կողմից ոստիկանությունը միլիցիայի վերածած հիվանդագին հրամաններով հանդուրժենք ձեր գոյությունը…
Ես առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանության ծառայողներին, որոնք չեն դառնում վերևում նկարագրածս նիկոլապետության կամակատարները, իսկ այդպիսիք շատ-շատ են, որոնց մի մասին անձամբ եմ ճանաչում։ Դիմացեք տղերք, դիմացեք ու շարունակեք ծառայել ժողովրդին, բան չմնաց…»,-եզրափակել է նա։