Երեկ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ամբողջ աշխատակազմը՝ բժիշկները, բուժքույրերը, հոգեբանները, մանկավարժները, մայրապետները, բոլորն ամբողջությամբ ազատման դիմում են ներկայացրել հոկտեմբերի մեկից և հոկտեմբերի մեկից աշխատանքի դուրս չեն գալու և դեռևս պետական արձագանք չկա այս ամենին և հույս ունեմ այդ լռությունը երկար չի տևի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը:
Նա պարզաբանեց, որ հեղափոխությունից հետո բժիշկ Սամվել Դանիելյանը հրավիրվեց ղեկավարելու արյունաբերական կենտրոնը, ով ստիպված էր նախորդ ռեժիմի ժամանակ որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից: «Նրա նշանակումը թույլ տվեց միավորել ամբողջ ոլորտը և ահռելի արդյունքներ գրանցվեցին: Նախարարությունը, առանց որևէ բան ասելու, ծանուցում է ուղարկում, որ նրա աշխատանքային պայմանագիրը լուծվում է»,-ասաց նա և նշեց, որ դա հասկանալի է այնքանով, որ իրենց մոտիվները որևէ աղերս չունեն պետության, հասարակության բարօրության հետ:
Ինչ վերաբերում է նախարարության պարզաբանմանը, որ լրանում է Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը, և տարիքից ելնելով չի կարող մասնակցել մրցույթի, Գևորգ Թամամյանն ասաց, որ իրենց կենտրոնը ՓԲԸ է և ՊՈԱԿ-ների մասին օրենքը նրանց վրա չի տարածվում, այսինքն՝ օրենքի նման պահանջ չկա: «Նախարարությունը վերջին տարում փորձում էր իմիջ ստեղծել, որ Սամվել Դանիելյանը հայտնի, ընտիր բժիշկ է, բայց լավ մենեջեր չէ, իսկ դրա պատասխանը թվերն են, որ բոլոր ուղղություններով աճը թաքցնել հնարավոր չէ»,-ասաց նա և նշեց, որ շատ լավ գիտեն նախարարության մենեջերներին: