00:00:00

Մենք այնքան դարդ ու ցավ ունենք մարդու իրավունքների ոոլորտում, որ մեզ մերը հերիքում է. Փաշինյան

22:32, 16 սեպտեմբեր 2020 Քաղաքականություն

Ազգային ժողովում, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Կարեն Սիմոնյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ցանկացավ իմանալ, թե ինչու Հայաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 45-րդ նստաշրջանի ընթացքում ձեռնպահ քվեարկեց Բելառուսում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրման հարցի քննարկմանը: «Հայաստանը ի թիվս Անգոլայի, Կամերունի, Կոնգոյի ժողովրդաան Հանրապետության, Նիգերիայի եւ այլ պետությունների, ձեռնպահ քվեարկեց Բելառուսում մարդու իրավունքների խախտումների ուսումնասիրման հարցի քննարկմանը: Քանի որ մենք մեզ հայտարարել ենք ժողովրդավար երկիր, ժողովրդավարական արժեքները պաշտպանող բաստիոն, այդ թվում մարդու իրավունքները պաշտպանող պետություն, ես ուզում եմ հասկանալ՝ ինչու նման որոշում կայացվեց»,-ասաց ԼՀԿ-ական պատգամավորը: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինձ գհետաքրքիր է, որ այդ երկրների անունները թվարկում էիք՝ ի՞նչ նկատի ունեիք: Նկատի ունեմ՝ ձեզ համար երկրների որոշակի սորտավորում կա՞: Ես զարմանում եմ, որ այդպիսի հարցեր ծագում են, որովհետեւ Հայաստանը ԵԱՏՄ երկիր է, Հայաստանը չունի մի ուղղության, մի կողմի շահեր, սկզբունքներ: Այդ սկզբունքների համադրությամբ որդեգրվել է այդպիսի դիրքորոշում»: Փաշինյանը հիշեցրեց, որ դեռեւիս 2018-ի հեղափոխության ժամանակ հայտարարել են, որ հեղափոխությունը ներհայաստանյան օրակարգ է եւ իրենք չեն պատրաստվում հեղափոխությունը արտահանել կամ ներմուծել: Կարեն ՍԻմոնյանը նկատեց, որ Հայաստանն իրեն անվանել է եվրոպական ընտանիքի մաս, զարմանալի է, որ քվեարկությունը տարբեր էր իրեն նույնականացնող երկրների քվեարկությունից. «Մյուս կողմից խնդիր կար պարզել՝ մարդու իրավունքների ոտնահարումներ եղե՞լ են Բելառուսում, թե՝ ոչ, արդյո՞ք դա պետք չէր քննարկել»,-ասաց նա: «Հայաստանը մարդու իրավունքների ոլորտում այնքան դարդ ու ցավ ունի, որ մեզ մեր սեփական դարդերն ու ցավերը հերիքում են: Ինչ նկատի ունեք, երբ ասում եք, որ Հայաստանն իրեն համարել է եվրոպական ընտանիքի մաս: Բելառուսն էլ է իրեն համարել եվրոպական ընտանիքի մաս, այնքանով, որ Եվրոպայի խորհրդի անդամ է, ԵԱՀԿ-ի անդամ է, Արևելյան գործընկերության անդամ է: Հայաստանը նաև ԵԱՏՄ անդամ է, նաև ԱՊՀ ու ՀԱՊԿ անդամ է: Որևէ պետութուն առաջին հերթին առաջնորդվում է իր ազգային շահերով ու հետաքրքրություններով: Եթե առաջարկում եք, որ Հայաստանը լինի բացառիկ պետություն, որը այլ կերպ կվարվի, առաջարկում եմ այդ թեզը ներառել ձեր կուսակցության գործունեության ծրագրային դրույթներում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր