Վերջին մեկ ու կես տարում Հայաստանում սեփականության վերաբաշխման ոչ մի դեպք չի եղել, սա կարևոր քաղաքականություն է, որը որդեգրել է կառավարությունը: Այս մասին «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ձեզ ուղիղ ուզում եմ ասել՝ շատ մեծ է եղել և է գայթակղությունը, երբ ասենք մի սովորական քաղաքացի կնոջ անունով գրված հարստություն կա, և ես, նաև մեր իրավապահ մարմինները գիտենք, որ այդ սեփականությունը պատկանում է կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի, ձեռք է բերվել կոնկրետ միջոցներով: Եվ մեծ է գայթակղությունը ԱԱԾ-ին ասել՝ այդ կնոջը բերեք և ասեք, որ թող նոտարով գրի, որ այդ սեփականությունը նվիրում է պետությանը: Շատ մեծ է այդ գայթակղությունը և քաղաքական առումով հնարավոր է նույնիսկ արդարացված համարվի, բայց մենք, այսպես ասած, ատամներս կրճտացնելով՝ գիտենք, որ չի կարելի այդպիսի բան անել, որովհետև եթե թեկուզ ֆեյք սեփականությունը դու այդ ճանապարհով վերցնում ես, բոլորը կմտածեն, որ էդ նույնը կարող է նաև իրենց հետ տեղի ունենալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Թե ով է այդ կինը ըստ էության այստեղ էական չէ։ Խնդիրն իրականում բարձրաստիճան պաշտոնյան է։ Նիկոլ Փաշինյանի պնդումը, որ չպետք է տրվել գայթակղությանը ըստ էության իրավական պետության կառուցման կարեւորագույն բաղադրիչն է, սակայն մյուս կողմից կա հանրության առաջ թափանցիկության խնդիր։ Արդյո՞ք ժողովրդի վարչապետը հանրությանը չպետք է իրազեկի, թե ով է այդ բարձրաստիճան պաշտոնյան, հակառակ դեպքում չի բացառվում, որ որոշ շրջակաների մոտ կասկած առաջանա, որ տեղի է ունեցել դասական պայմանավորվածություն կողմերի միջեւ։
Ինչ վերաբերում է սեփականության վերաբաշխմանը, ապա հանրությանը նախորդ տարի տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո առավել քան ակնհայտ դարձավ, որ նախորդները երկիրը բաժանել են յուրայինների միջեւ։
Irakanum.am