00:00:00

Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհվեցին Արկադի Տեր-Թադևոսյանին և Ռոբերտ Մլքեյանին

00:13, 09 հոկտեմբեր 2019

Գյումրի համայնքի ավագանու հերթական նիստի մեկնարկից առաջ համայնքի պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհվեցին գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի մասնակից Արկադի Տեր-Թադևոսյանին և Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավագանին կոչումներ շնորհելու մասին միաձայն որոշում կայացրել էր  դեռ  սեպտեմբերի  10-ի նիստին։ Շնորհավորելով Արկադի Տեր-Թադևոսյանին և Ռոբերտ Մլքեյանին՝ Գյումրու  քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց, որ  սա  այն դեպքն է, որ Գյումրի քաղաքի  ամենաբարձր  կոչումը Արկադի Տեր-Թադևոսյանին և  Ռոբերտ Մլքեյանին  հանձնելը  «բոլորի սրտովն է»։ Շնորհավորանքներ  հնչեցին ավագանու բոլոր խմբակցությունները ներկայացնող ավագանու անդամներից։ Այն, որ  կոչումը ոչ միայն ոգևորող, այլ նաև շատ պարտավորեցնող է,  իր խոսքում նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը, անկեղծանալով, որ Գյումրին մեծ դեր է խաղացել իր կյանքում։ «Խորհրդային միության ժամանակ 30 տարի ծառայել եմ Խորհրդային բանակում, որից 6-ը՝ Գյումրիում, և այդ 6 տարիներին ապրել եմ  Գյումրիում։ Բացի այդ, իմ կինը Գյումրիից է ու հենց ինքը  ստիպեց, որ  ես արտերկրում ծառայելուց հետո վերադառնամ Հայաստան։ Իսկ Արցախյան  հերոսամարտի  ժամանակ  ես միշտ  եղել եմ  գյումրեցի ազատամարտիկների կողքին։ Այնպես որ, անչափ  շնորհակալ եմ այս կոչման համար։  Այս կոչումն ինձ համար շատ պարտավորեցնող է»,- նշեց  Արկադի Տեր-Թադևոսյանը։ «Գյումրին միայն խոնարհումի է արժանի։ Պարտադիր չէ, որ ծնվես Գյումրիում ու լինես այս քաղաքի նվիրյալ։ Ես  Գյումրիում չեմ ծնվել, բայց սա այն միակ քաղաքն է, որտեղ կուզենայի ապրել։  Կյանքիս ամենադժվար ու կարևոր օրեն  ապրել եմ այստեղ,  ու հենց ծանրության մեջ ես Գյումրիում ապրել եմ ամենաերջանիկ կյանքով։ Շնորհակալ եմ և գերագույն պատիվ եմ համարում, որ  ես Գյումրիի պատվավոր քաղաքացի եմ»,-շնորհակալություն հայտնելով կոչման համար՝ նշեց Ռոբերտ Մլքեյանը։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր