Արմավիր մարզի Էջմիածին քաղաքում այսօր՝ փետրվարի 18֊ին, հանդիսավորությամբ վերաբացվեց Վաղարշապատ հիվանդանոցը։ Կապիտալ վերանորգման ենթարկված Վաղարշապատ հիվանդանոցի վերաբացման հովանավոր է դարձել «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ հայ մեծ բարերար Արթուր Ասատրյանը:
Նշենք, որ Վաղարշապատ հիվանդանոցի վերանորոգման աշխատանքները տևել են շուրջ 3 ամիս և վերաբացման ծրագիրը արժեցել է՝ 70 միլիոն դրամ։
Վերանորոգված հիվանդանոցը այսօր արդեն վերազինվել է ժամանակակից անհրաժեշտ բուժսարքավումներով և բժշկական գործիքներով, ունի հզոր ախտորոշիչ բազա, ինչպես նաև, լավագույն մասնագետներից կազմված բուժանձնակազմ, ովքեր այսուհետ պատշաճ կերպով կընդունեն և կճանապարհեն իրենց դիմող յուրաքանչյուր քաղաքացու։
Նշենք նաև, որ Հիվանդանոցի համար Ֆրանսիայից շտապօգնության մեքենաներ են Հայաստան ներմուծվել Ֆրանսիաում բնակվող մեր հայրենակից բարերար Արսեն Նիկողոսյանի կողմից։
Այսօր հիվանդանոցի վերաբացման արարողության ժամանակ շտապօգնության մեքենաները հանձնվեցին Վաղարշապատի հիվանդանոցի տնօրինությանը։
Չնայած նրան, որ «Վաղարշապատ» հիվանդանոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը ներկա էին հիվանդանոցի ողջ բուժաշխատակազմն ու հարյուրավոր մարդիկ, Արմավիրի մարզի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այդպես էլ չբարեհաճեց ներկա գտնվել:Մարզպետին հատուկ հրավեր էր ուղարկվել։
Հ.Գ.Մի՞թե այսպես ենք ուզում զարգացնել մեր երկիրը։ Մի՞թե այսպես ենք գնահատում մեր բարերարներին։ Այսօր մեր կողքին են մեծ բարերարներ, ովքեր իրենց ամբողջ ներուժն են ներդնում հանուն մեր բարեկեցիկ կյանքի, բայց արի ու տես, որ մարզպետ պարոն Մաթեւոսյանը անգամ չցանկացավ հանդիպել և ձեռքը սեղմել մեր ժամանակներում ապրող բարերարների։