00:00:00

19-ամյա զինվորը գնդակահարել է 3 ծառայակիցներին՝ զենքեր հափշտակելու նպատակով. 1996 թ. ինչպես եղել է

14:02, 14 հունվար 2019 Հասարակություն

1in.am-ը գրում է. 1996 թվականի փետրվարի 12-ին Սևանի ավազանի գյուղերից մեկին մոտեցավ զինվորական հագուստով մի երիտասարդ: Գուրգեն Մ.-ն էր (անունը փոխված է)՝ 1,5 տարի ծառայել էր ու աշնանը պիտի զորացրվեր: Տղան ծնողներին ուրախացրեց, թե հինգ օրով արձակուրդ են տվել լավ ծառայության համար: Հինգ օր նա վայելեց ծնողների գուրգուրանքը, փետրվարի 17-ին պատրաստվեց ճամփա ընկնելու, ասաց՝ զորամաս է գնում… Փետրվարի 23-ին Գուրգենը Երևանում էր՝ հորաքրոջ տանը: Անհանգիստ էր, ներսուդուրս էր անում՝ իբր ծխախոտ գնելու էր գնում: Մոտը տարօրինակ երկար պարկ կար… Հաջորդ օրը վաղ առավոտյան Գուրգենը հորաքրոջ տանից դուրս եկավ՝ ասելով, թե ժամը 10-ին պիտի զորամասում լինի: Բայց նույն օրը նա նորից հայտնվեց հայրենի գյուղում, միայն թե ծնողների տուն չգնաց, այլ մնաց պապի տանը, ասաց՝ մի օրով թույլտվություն են տվել, որ լողանա, մաքրվի: Ինքն էլ սրտանց ցանկացել է այդ օրը միայն պապի տանը լինել… Հետո Գուրգենը նորից Երևան մեկնեց՝ հորաքրոջ տուն… Փետրվարի 26-ին հորաքրոջ տուն այցելեցին ռազմական ոստիկանության ծառայողները: Ի զարմանս հորաքրոջ՝ խորդանոցում հայտնաբերեցին Գուրգենի երկար պարկը՝ մեջը՝ երեք ավտոմատ՝ իրենց պահունակներով, երկու սվին-դանակ և ատրճանակի մեկ կաշվե պատյան: Գուրգենը ռազմական ոստիկանների խուզարկությանը հետևում էր լուռ: Հայտնաբերված զենքերը ուրիշների արյան գնով էին հայտնվել Գուրգենի հորաքրոջ խորդանոցում: Եվ երեք ծառայակիցների արյան մեղքը, ըստ դատական ակտերի, ծանրացած էր հենց Գուրգենի ձեռքերին… Պարզվեց, որ Գուրգենը ոչ թե հնգօրյա արձակուրդ էր ստացել, այլ զորամասը ինքնուրույն ու ինքնակամ լքել էր, զորամասում տիրող բարձիթողի վիճակի պատճառով նրա բացակայությունը օրեր շարունակ մնացել էր չնկատված, նրան չէին որոնել, չէին հետաքրքրվել, այդ ընթացքում նա հանգիստ ապրել էր հայրենի տանը կամ բարեկամների մոտ: Այդ օրերին խառնաշփոթ վիճակ էր այն զորամասում, որտեղ ծառայում էր Գուրգենը: Զորամասին ենթակա տարածքներից մեկը լուծարվել էր, այդ տարածքն ազատում էին անձնակազմից ու զինտեխնիկայից: Հրամանատարությունը, այս հարցով զբաղված լինելով, աչքաթող էր արել զինվորների կարգապահությունը, ինչից օգտվելով՝ Գուրգենը աննկատ հեռացել էր զորամասից: Լուծարված տեղամասում գտնվող զինտեխնիկան հսկելու համար կարգվել էր զինված պահակախումբ՝ չորս ժամկետային զինծառայողներից կազմված: Նրանց վերադաս սպան, որին առաջադրանք էր տրված նաև զինտեխնիկայի նորոգումը, տարածքի հսկումն ամբողջովին թողել էր չորս ժամկետային զինծառայողների վրա՝ նրանցից մեկին կարգելով որպես ավագ: Հետագայում այս գործով անցնող, իրենց ծառայական պարտականությունները չկատարած չորս սպաներ՝ գնդապետից լեյտենանտ, աստիճանազրկվեցին՝ մինչև շարքային, նաև ենթարկվեցին քրեական պատասխանատվության… Փետրվարի 19-ին այս տարածքում հայտնվեց Գուրգեն Մ.-ն, որը ծնողներին դեռ երկու օր առաջ էր ասել, թե զորամաս է մեկնում… Գուրգենը հանդիպեց տարածքը հսկող չորս ծառայակիցներին: Նա, ով ավագ էր կարգված՝ գլուխ գովեց, թե ծառայություն չի, խաղուպար է՝ ո՛չ հսկող կա, ո՛չ հետևող, ինչ ուզում՝ անում են, իրենք են իրենց գլխի տերը: Գուրգենը այս զինվորից փոխարինաբար զինվորական կոշիկներ վերցրեց ու հեռացավ: Երկու օր հետո՝ փետրվարի 22-ին, Գուրգենը նորից հայտնվեց տվյալ տարածքում: Այս անգամ տարածքը երեք զինծառայող էր հսկում, խմբի ավագն էլ էր իրեն թույլ տվել տուն գնալ ու «հանգստանալ»: Գուրգենը ծառայակիցներից ճշտեց, որ ոչ մի սպա չի այցելում, չի ստուգում, տղաները նույն կազմով պարեկում են ինքնագլուխ: Գուրգենը տարածքը լավ զննեց, զենքի պահարանին առանձնապես ուշադրություն դարձրեց ու խոսքի մեջ ասաց, թե դեռ անցած տարի որոշ զինծառայողների փող է տվել, չի կարողանում պարտքերը հավաքել… Գործի քննության ընթացքում Գուրգենի վարկածը, թե վիճաբանությունը առաջացել էր գումարային պարտքերի պատճառով, չհաստատվեց… Զինվորներից մեկը՝ Վահանը (անունը փոխված է), կատակով Գուրգենին պատմեց, թե ծառայակիցներից մեկի քաղաքացիական շորերը պահել է՝ գլխին օյին է խաղացել: Վահանը ցույց տվեց՝ որտեղ է պահել այդ շորերը: Գուրգենը տարածքից հեռանալիս ծառայակցի շորերը վերցրեց հետը… Փետրվարի 23-ին Գուրգենը դարձյալ հայտնվեց հիշյալ տարածքում: Նա, ըստ դատական ակտերի, արդեն որոշել էր անելիքը՝ վեճ պիտի հրահրեր, ապա պիտի վերացներ պարեկող երեք զինվորներին՝ տպավորություն ստեղծելով, թե նրանք սպանվել են վիճաբանության ժամանակ: Եվ իր համար ամենակարևորը՝ պիտի զենքեր հափշտակեր… Կասկածները կարող էին ընկնել միայն բացակայող ավագի վրա… Վահանի հետ Գուրգենը հեշտությամբ վեճը հրահրեց, ու ինքն էլ ոտքով այնպես հարվածեց, որ Վահանն ընկավ սենյակի հեռավոր անկյունը: Վահանի լիցքավորված ինքնաձիգը դրված էր մահճակալին՝ Գուրգենը այն նախապես էր աչքադրել: Կռվի պահին սենյակ մտան նաև մյուս երկու զինվորները՝ հարազատ եղբայրներ, որ ծառայում էին միասին: Գուրգենը ճանկեց մահճակալին դրված ինքնաձիգն ու կրակահերթ արձակեց Վահանի և սենյակ մտած եղբայրների ուղղությամբ: Վահանն ու եղբայրներից մեկը վնասվածքներ ստացան: Վահանը տեղից շարժվել չկարողացավ, բայց մյուս վիրավորը ոտքի կանգնեց ու եղբոր հետ փախավ սենյակից: Գուրգենը հետապնդեց, մի եղբորը սպանեց միջանցքում, մյուս եղբորը բակում գնդակահարեց, դիակը քարշ տալով տարավ միջանցք, դրեց եղբոր կողքը՝ իբր երկուսն էլ շինության մեջ վեճի ընթացքում են սպանվել: Հետո, երբ Գուրգենը զենքերն էր հավաքում, լսեց վիրավոր Վահանի տնքոցը: Նա ավտոմատի խզակոթով հարվածներ հասցրեց Վահանի գլխին ու սպանեց նաև նրան: Ապա հափշտակեց զենքերը և փախավ… Փախուստի ճանապարհին Գուրգենին տեսան Գյումրի-Երևան մայրուղու խաչմերուկներից մեկում գտնվող խանութում՝ ժամը 18-ի սահմաններում: Նրա տարօրինակ տեսքը գրավեց մարդկանց ուշադրությունը, նրան նույնիսկ հարցրին՝ զինվո՞ր է, թե՞ ոչ՝ տարօրինակ հագուկապով էր երիտասարդը՝ կաշվե բաճկոնով ու զինվորական կոշիկներով, պարկանման շորի մեջ փաթաթված երկար ուղեբեռով… Իրեն ուղղված հարցից շփոթվելով՝ Գուրգենը շտապեց հեռանալ խանութից: Պատահական մեքենայով հասավ Երևան՝ հորաքրոջ տուն… Սպանված երեք զինվորների դիակները հնարավոր է ավելի ուշ հայտնաբերվեին, եթե փետրվարի 24-ին տնից չվերադառնար խմբի ավագը.. Նույն օրը հաղորդվեց կատարված ծանր ոճրագործության մասին… Այդ օրը Գուրգենը պապի տանը «լողանում-մաքրվում էր»… Գուրգեն Մ.-ն հոկտեմբերի 10-ին ընդամենը 20 տարեկան էր դառնալու: Իր 20-ամյակը նա դիմավորեց մահապարտի խցում… Գերագույն դատարանի նախագահությունը մերժեց նրա գանգատը, դատավճիռը թողեց անփոփոխ: Հետո մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկումով…

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր