ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ոստիկանների կողմից 3 անչափահաս երեխաների մոր նկատմամբ կիրառված ենթադրյալ բռնության վերաբերյալ:
Այս դեպքի մասին երեկ ահազանգել էր փաստաբան Սարգիս Խաչատրյանը:
ՀՀ ոստիկանության պարզաբանումը ստորեւ.
«Դեկտեմբերի 20-ին երրորդ անգամ ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկի լիազոր ներկայացուցիչը և խնդրել, որ ընկերության սեփականություն հանդիսացող Անդրանիկի փողոցի 142-րդ շենքի թիվ 11 բնակարան ներխուժումը դադարեցվի:
Դեկտեմբերի 25-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, առաջնորդվելով օրենքով սահմանված կարգով, ընկերության լիազոր ներկայացուցչի հետ այցելել են նշված բնակարան, որտեղ գտնվող կնոջը ներկայացրել են օրենքի պահանջները՝ բավարար ժամանակ տրամադրելով ներխուժումը դադարեցնելու համար: Ոստիկանության ծառայողները նաև պարզաբանել են, որ իրենց օրինական պահանջը չկատարելու դեպքում իրենք օրենքով լիազորված են կիրառել համաչափ ֆիզիկական ուժ: Քանի որ վերիջինս քայլեր չի ձեռնարկել իրեն ներկայացված օրինական պահանջները կատարելու, ուստի ոստիկանները դադարեցրել են ներխուժումը՝ նշված տարածքը հանձնելով ընկերության լիազոր ներկայացուցչին:
Կինը դիմել է մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններ՝ հայտարարելով, թե ոստիկանության ծառայողները իրեն պատճառել են մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցները կնոջից հաղորդում են ընդունել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստված նյութերը ոստիկանությունից դեկտեմբերի 27-ին ուղարկվել են դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար»:
Փաստաբան Սարգիս Խաչատրյանը երեկ ահազանգել է, որ դեկտեմբերի 25-ին Ոստիկանության Մալաթիայի բաժնի ոստիկանները բռնություն են կիրառել 3 անչափահաս երեխաների մայր Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ։ Դեպքը տեղի է ունեցել Ռուզաննայի բնակարանում՝ անչափահաս երեխաների աչքի առաջ։ Այս մասին նա նշել է հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Փաստաբանի պնդմամբ՝ մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ ստացած 41-ամյա Ռուզաննա ՊողոսյանԸ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում է: Փաստաբանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանները ոչ համաչափ ուժ են կիրառել իր պաշտպանյալի նկատմամբ. «Ռուզաննայի ոտքերի, ձեռքի, ազդրերի հատվածներում վնասվածքներ կան՝ սալջարդերի, կապտուկների, քերծվածքների տեսքով, անգամ կա ատամի տեղաշարժ, ծնոտի վնասվածք։ Դրանք կարող էին ստացված լինել միայն ոչ համաչափ ուժի գործադրման արդյունքում»։