«Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լավ Երեկո» հաղորդման վերջին թողարկումը քննադատության մեծ ալիք է բարձրացրել: Պատճառներից մեկը Արուս Տիգրանյանի «շնորհավորանք»-ռեպորտաժն էր «Աբովյան» ՔԿՀ-ից (Կանանց գաղութ):
Լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ եւ զրուցել ամենախոցելի խավի՝ ազատազրկված կանանց հետ: Զրույցն էլ բնականաբար ընթացել էր ծաղրական հարցերով: Օրինակ լրագրողը կանանց հարցնում է, թե կան արդյո՞ք քրեակատարողական հիմնարկում հմայիչ բանտապահներ, կամ կա արդյո՞ք սեր առաջին հայացքից եւ այլն:
Քննադատությունները մի քանի օր է չեն դադարում: Բացի այն, որ հասարակության մի լայն զանգված տեղի ունեցածի մեջ մեղադրում է լրագրողին, արդարացիորեն քնադատություններ են ուղղված նաեւ «Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը եւ քրեակատարողական վարչությանը: Վերջին երկու կառույցները դեռեւս պաշտոնական մեկնաբանություն չեն տվել:
Ինքը՝ Արուս Տիգրանյանը կանանց գաղութից պատրաստած ռեպորտաժը համարում է սիրունիկ: Այդ մասին Տիգրանյանը գրել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում: Գրառմանը հաջորդել են օգտատերերի մեկնաբանությունները: Շատերը ամոթալի են համարում տեսանյութը, որն արվել էր քրեակատարողական հիմնարկից:
Կան օգտատերեր, ովքեր ամեն դեպքում կիսում են Արուս Տիգրանյանի կարծիքը, որ ռեպորտաժը սիրունիկ էր:
Irakanum.am-ը ներկայացնում է մեկնաբանություններից մի քանիսը: