Սիրելի Ընկերնե՛ր,
Պատիվ ունեմ Ձեզ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով մասնակցելու ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Միաժամանակ ուզում եմ նշել, որ որպես իմ քաղաքական թիմի ներկայացուցիչ, ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ հարազատ Երևան քաղաքի թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն և Նորք -Մարաշ վարչական շրջանները։ Առաջիկա ընտրությունները բացառիկ կարևորություն ունեն մեր երկրի համար, քանի որ դրանց միջոցով վերջնականապես կձևավորվի ժողովրդի իրական ձայնն արտացոլող խորհրդարան: Ժողովրդի վստահության քվեն ստանալու պարագայում պատրաստ եմ շարունակել իմ գործունեությունը՝ որպես Ազգային Ժողովի պատգամավոր։ Իմ պատգամավոր առաջադրվելու հանգամանքը պատճառավորված է նրանով, որ ես իմ համապատասխան գիտելիքները, կարողությունները և հմտությունները ցանկանում եմ և կարող եմ ծառայեցնել ժողովրդիս նրա լուսավոր ներկան և ապագան ապահովելու համար:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ազատական, առաջադիմական լուծումների և բարեփոխումների միջոցով զարգացմանը միտված կուսակցություն է։ Կուսակցության ծրագրերում արտացոլված են մեր երկրի ապագայի վերաբերյալ իմ պատկերացումները։ Մեր նպատակն է ձևավորել այնպիսի կուսակցություն, որը հիմնված չէ որևէ անհատի անձնական նկատառումների վրա, այլ արտահայտում է բոլոր այն սոցիալական շերտերի շահերն ու խնդիրները, որոնք ցանկանում են տեսնել կայուն և զարգացած պետություն:
«Լուսավոր Հայաստանի» տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ՝ նպատակ։ «Լուսավոր Հայաստան»-ի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կառուցել հասարակության դինամիկ զարգացմանը նպաստող առաջադեմ, արդիական քաղաքական համակարգ, նպաստել քաղաքացիների շահերն արտահայտող հանրային քաղաքականության արդյունավետ ուղղությունների մշակմանը, ժողովրդավարական ներկայացուցչական ինստիտուտների ձևավորմանը և դրանց զարգացման նախադրյալների ապահովմանը:
Յուրաքանչյուրիդ աջակցությունը և վստահությունն անչափ կարևոր է և՛ մեր թիմի, և՛, մասնավորապես, ինձ համար։
Հարգանքով և բարի մաղթանքներով՝
Ստեփան Ստեփանյան