00:00:00

‹‹Գազպրոմ Արմենիա››-ի արձագանքը ՊԵԿ-ի՝ չարաշահումների մասին հայտարարություններին

00:09, 15 նոյեմբեր 2018 Իրավական

Ս.թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ՊԵԿ-ը զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածել ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ում ‹‹բացահայտված››՝ հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում իբրև թե ակնհայտ կեղծ տվյալներ ներառելու, ինչպես նաև իբրև թե առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի վերաբերյալ: ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ՊԵԿ-ը 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ում փաստացի սկսել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության համալիր ստուգում: Այնուհետև, 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ստուգման տևողությունը երկարաձգվել է 30 անընդմեջ աշխատանքային օրով: Համալիր հարկային ստուգումը ներկայումս փաստացի ընթացքի մեջ է և առ այսօր ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ին ՀՀ հարկային օրենսդրության դրույթները խախտելու որևէ դրվագ չի ներկայացրել: Փոխարենը, առանց Ընկերության հետ քննարկելու կամ Ընկերությանը տեղեկացնելու, ՊԵԿ-ը մամուլով տարածել է միանգամայն անհիմն տեղեկատվություն: ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ն տարիներ շարունակ լինելով Հայաստանի Հանրապետության առաջին խոշոր հարկ վճարողը մշտապես իր գործունեությունը ծավալել է բացառապես ՀՀ հարկային օրենսդրությանը համապատասխան՝ դրա արդյունքում ՊԵԿ-ից պարբերաբար ստանալով ‹‹Օրինապահ հարկ վճարողի›› հավաստագրեր: ՊԵԿ-ի կողմից ներկայացված հրապարակման մեջ ներառված ‹‹համեմատական հետազոտությունները›› կատարված են ոչ համադրելի ժամանակաշրջանների և ոչ համադրելի մեծությունների հիման վրա, Ընկերությանը ներկայացված չէ վարչական մարմնի կողմից ձեռք բերված որևէ ապացուցողական փաստ, ինչը, Ընկերության կարծիքով, հանգեցրել է անհեթեթ եզրահանգումների: ՊԵԿ-ի նման գործելաոճը կարող է վտանգել Ընկերության ձեռք բերած գործարար համբավը և ձախողել Ընկերության բնականոն գործունեությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՊԵԿ-ը ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ում իրականացվող ստուգման ընթացքում որդեգրել է հրապարակային գործելաոճ, Ընկերությունը միանգամայն ողջունում է նման մոտեցումը և ս.թ. նոյեմբերի 15-ին ժամը 12:00-ին ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ի գլխավոր մասնաշենքում հրավիրում է մամուլի ասուլիս: Միաժամանակ, նպատակ ունենալով զերծ մնալ նշված հրապարակմանն առնչվող հարցերի միակողմանի մեկնաբանությունից, ‹‹Գազպրոմ Արմենիա›› ՓԲԸ-ն հրավիրում է նաև ՊԵԿ-ի համապատասխան մասնագետներին նշված ասուլիսին ներկա գտնվելու և իրենց ներկայացրած եզրահանգումները հանրությանը հիմնավորելու համար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր