«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ջանքերով Աբովյան քաղաքում կկառուցվի բնակելի թաղամաս, որը նախատեսված կլինի հատկապես երիտասարդ ընտանիքների համար։ 4 հա տարածք զբաղեցնող թաղամասում կկառուցվի 17 շենք, որոնցից յուրաքանչյուրը կունենա 9 հարկ՝ ամեն հարկում 5 բնակարան։ Քաղաքապետարանի հարակից տարածքում 765 ընտանիք կկարողանա նորակառույց շենքում բնակություն հաստատել անհամեմատ ցածր գներով։ Գագիկ Ծառուկյանն արդեն հայտարարել է, որ նախագիծը ենթադրում է սոցիալական բնակարանաշինություն, ինչի արդյունքում առաջնահերթությունը կտրվի երիտասարդ ընտանիքներին, սակայն բացի այդ նախագիծը միտված է նաև հայրենադարձության խթանմանը։
Irakanum.am-ը զրուցեց նաև Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի հետ, ով մեզ հայտնեց, որ Աբովյան քաղաքում իրոք կար անհրաժեշտություն նման ծրագրի իրականացման, քանի որ խորհրդային տարիներից իրենց քաղաքում ընդամենը 2 բազմաբնակարան շենք է կառուցվել։ Գևորգյանի համար ցավալի է այն փաստը, որ Աբովյանը լինելով 55 տարվա երիտասարդ քաղաք՝ վերջին 30 տարվա ընթացքում այնտեղ ոչ մի նոր շենք չի կառուցվել։
Կառուցապատման աշխատանքներին ծանոթանալու համար, այսօր շինարարության վայր այցելեց Գագիկ Ծառուկյանը, ում տեղում դիմավորեցին Աբովյանի քաղաքապետն ու քաղաքի բնակիչները։
Մանրամասները՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=PZNqcRAGycA