«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը հրապարակված է։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք ցուցակում ներառված է 183 հոգի։ Դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը։
Հետաքրքիրն այն է, որ մինչ ցուցակի հրապարակումը գործող իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկներ ու հեղափոխականներ պնդում էին, թե իրենց նախընտրական ցուցակը չի հիասթափեցնի ընտրողին։ Ավելին՝ ինքը Նիկոլ Փաշինյանն էլ պնդում, թե Սերժ Սարգսյանի իշխանությանը տարբեր ծառայություններ մատուցած անձինք տեղ չունեն իրենց ցուցակում։ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, թե գործարարները եւս ԱԺ-ում ներկայացված չեն լինելու, գոնե իրենց ցուցակով։
Սակայն «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում ամեն դեպքում կան անձինք, ովքեր ոչ միայն սերժասարգսյանական ռեժիմի հլուհնազանդ ծառայողներն են եղել, այլ նաեւ զբաղվում են բիզնեսով։ «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում է լինելու Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը։ Վերջինս մամուլի հրապարակումների համաձայն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մերձավոր շրջապատից է։
Թե ինչպես են ժամանակին Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին փառաբանած անձինք այսօր նույնը անելու Նիկոլ Փաշինյանի պարագայում թերեւս հայտնի է միայն իրենց։
Հայաստանի քաղաքական դաշտում նման մարդկանց «սկզբունքայնությունը» նոր երևույթ չէ: Այդպիսիք եղել են, կան ու դեռ հասարակությունը ականատես կլինի։
Irakanum.am