00:00:00

«Հայաստանի էներգետիկ շաբաթ 2018» միջոցառմանը Տիգրան Ավինյանը կարևորել է էլէներգիայի շուկայի փուլային ազատականացման գործընթացը

17:43, 14 նոյեմբեր 2018

Նոյեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել և բացման ելույթով հանդես է եկավ «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2018» միջոցառմանը։ Ինչպես հայտնում են նրա գրասենյակից, ողջունելով հյուրերին Տիգրան Ավինյանը նշել է, որ էներգետիկ շաբաթին մեծաթիվ շահագրգիռ ընկերությունների, ներդրողների, փորձագետների մասնակցությունը վկայում է այն նշանակալի հետաքրքրության մասին, որը ձևավորվել է Հայաստանի էներգետիկայի ոլորտի նկատմամբ: Փոխվարչապետի պաշտոնակատարն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը, չունենալով սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, մեծ կարևորություն է տալիս վերականգվող էներգետիկայի ներուժի օգտագործմանը: Այս նպատակով կառավարությունը տնտեսության զարգացման առաջնահերթություններից է համարում վերականգնվող էներգետիկայի զարգացումը։ Սրան են ուղղված բոլոր քայլերը՝ ներառյալ օրենսդրական դաշտի բարելավումը, կանխատեսելի սակագնային քաղաքականությունը ու ներդրողների հետ տարվող աշխատանքները: Ստեղծվում է հարմարավետ միջավայր էներգետիկայի ոլորտում ներդրումների համար, ինչի արդյունքում էլ ավելի կբարձրանա երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակը: Տիգրան Ավինյանի խոսքով՝ Հայաստանում հետևում են  էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային զարգացման միտումներին, որպեսզի արդյունավետ կերպով իրացվեն մեր մրցակցային առավելությունները և տարածաշրջանի մյուս երկրների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատվի: Խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, նոր էներգետիկ հզորությունների ստեղծումը ուղղված են վերը նշված նպատակին: Այս առումով, շարունակվելու են Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերը, որոնց գործարկումը զգալի  դրական ազդեցություն  կունենա երկրի տնտեսության զարգացման վրա: Կառավարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի էլէներգիայի շուկայի փուլային ազատականացման գործընթացին:  Էլէներգիայի շուկայի նոր և ազատական մոդելին անցումը թույլ կտա խոշոր սպառողների, էլեկտրաէներգիայի մատակարարների և թրեյդերների մուտքը շուկա, ինչը մրցակցային միջավայրի զարգացման ու ներդրումների ներգրավման համար հիմքեր կստեղծի: Ազատական շուկայի մոդելին անցումը հնարավորություններ կստեղծի միջպետական առևտրի համար: Փոխվարչապետի պաշտոնակատարը ընդգծել է, որ էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը ևս կառավարության քաղաքականության կարևոր ուղղություններից են: Փաստացի, էներգախնայողության մեծ ներուժ ունեն Հայաստանի տնտեսության բոլոր բնագավառները, մասնավորապես՝ տրանսպորտը, արդյունաբերությունը, բազմաբնակարան շենքերը, բյուջետային հանրային հատվածը, վառելիքաէներգետիկ բնագավառը: Անհրաժեշտ է քայլ առ քայլ ներդնել և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ընդլայնել էներգախնայողության մշակույթը: Վերջում Տիգրան Ավինյանը հավելել է, որ կայուն, խելացի էներգետիկան տնտեսության դինամիկ զարգացման կարևորագույն պայմաններից մեկն է՝ ուղղված մարդկանց կյանքի բարելավմանը և կենսամակարդակի բարձրացմանը: Հայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար և խրախուսում է ակտիվ երկխոսությունը և փոխգործակցությունը բոլոր ուղղություններով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր