00:00:00

Վահե Դեմիրճյանը գործուղվեց ՄԻԵԴ. առջեւում խնդրահարույց վճիռներ են

15:28, 08 նոյեմբեր 2018 Իրավական

ՀՀ կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 8-ին, որոշում է կայացրել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ Վահե Դեմիրճյանին գործուղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն: Նշենք, որ դեռեւս 2012 թվականից Վահե Դեմիրճյանը հատուկ պայմանավորվածությամբ ԵԽ վճիռների կատարման վարչություն էր գործուղվել, սակայն մինչ օրս գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվել են ԵԽ կողմից, սակայն ԵԽ բյուջեում միջոցների անբավարարության պատճառով քարտուղարությունն այլեւս հնարավորություն չունի երկարաձգել գործուղումը նույն պայմաններով։ Միաժամանակ նշվել է, որ ԵԽ-ն պատրաստակամ է շարունակել գործուղումը Հայաստանից ֆինանսավորման պարագայում։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՄԻԵԴ վճիռների կատարման բնագավառում որոշակի բարդություն է ներկայացնում կայացված ու ակնկալվող մի շարք խնդրահարույց վճիռների կատարումը։ 2019թ. ընթացքում սպասվող եւ քաղաքական շարժառիթներով պայմանավորված՝ բարդություն ներկայացնող վճիռների կատարման գործընթացի առավել ակտիվ շրջան թեւակոխելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության դեմ կայացված բոլոր վճիռների արդյունավետ կատարումն ապահովելու համատեքստում մեծապես կարեւորվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունից գործուղված իրավաբանների ներկայությունը ԵԽ համակարգում եւ հատկապես ԵԽ քարտուղարության վճիռների կատարման վարչությունում։ Առաջին հերթին խոսքն, իհարկե, «Չիրագովը եւ այլոք ընդդեմ Հայաստանի» վճռի մասին է, որի շուրջ երկրորդ բանավեճը հնարավոր է ընդգրկվի ընթացիկ տարվա դեկտեմբերին կամ հաջորդ տարվա մարտին կայանալիք Նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով նիստի օրակարգում։ Միաժամանակ, առկա է իրական հնարավորություն, որ տարվա ընթացքում դատարանը վճիռներ կկայացնի քաղաքական նշանակություն ունեցող մի շարք այլ գանգատներով։ Նշենք, որ Վ. Դեմիրճյանի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ պետական բյուջեից ՀՀ ԱԳՆ-ին հատկացվող միջոցների հաշվին. 2019թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ծախսերը կկազմեն 66,009 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Վ.Դեմիրճյանի փոխհատուցման գումարը կկազմի ամսական 2,318 եվրո, ընտանիքի 3 անդամների փոխհատուցման գումարը կկազմի՝ 695 եվրո, իսկ բնակարանի վարձավճարը՝ 1,625 եվրո: Վ. Դեմիրճյանը գործուղման ընթացքում օգտվում է նաեւ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով սահմանված երաշխիքներից՝ որպես ՀՀ կառավարության կողմից օտարերկրյա պետություն գործուղված անձ (ընտանիքի 4 անդամների բժշկական ապահովագրությունը տարեկան կկազմի 8,898 եվրո, իսկ 2 երեխաների ուսման վարձավճարը տարեկան կկազմի 1,450 եվրո):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր