00:00:00

Պարզաբանում. ճանապարհաշինական որ աշխատանքներն է կարելի կատարել ցուրտ և անձրևոտ եղանակին

11:53, 03 նոյեմբեր 2018

Անձրևոտ և ցուրտ եղանակներին կատարվող ճանապարհաշինական աշխատանքների առնչությամբ հաճախ հարցադրումներ են հնչում, թե եղանակային նման պայմաններում կառուցվող ճանապարհը կարո՞ղ է որակյալ լինել։ Ո՞ր դեպքում են եղանակային պայմաններն ազդում ճանապարհաշինության որակի վրա, ո՞ր աշխատանքները կարելի է կատարել ցուրտ և անձրևոտ եղանակային պայմանների դեպքում, որոնք՝ ոչ։ Միանշանակ, չի կարելի ասֆալտապատում կատարել, քանի որ ասֆալտբետոնի խառնուրդները պետք է տեղադրել չոր եղանակին: Գարնանն ու աշնանը կարելի է տաք և սառը ասֆալտբետոնե խառնուրդներ տեղադրել։ Աշնանը, երբ շրջակայքի միջին ջերմաստիճանը ցածր չէ +10ºC-ից, իսկ գարնանը` +5ºC-ից։ Իսկ անձրևի դեպքում հնարավոր չէ ապահովել այն չափորոշիչները (խառնուրդի համապատասխան ջերմաստիճանը, խտացումն ու կպչողականությունը), որոնք անհրաժեշտ են ասֆալտապատման անհրաժեշտ որակ ապահովելու համար։ Սակայն, ոչ բարենպաստ եղանակային պայմաններում կարելի է կատարել հողային, ճանապարհի հին ասֆալտբետոնե պատվածքի ֆրեզավորման, ջրահեռացման համակարգերի նորոգման և կառուցման, արհեստական կառուցվածքների հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաների ապամոնտաժման և մոնտաժման, անվտանգության տարրերի տեղադրման, շինարարական իներտ նյութերի պատրաստման, կուտակման և տեղափոխման աշխատանքներ։ Ֆրեզավորումը ասֆալտի հին շերտի հեռացումն է, քերումը, կազմաքանդումը, որը կարելի է իրականացնել ցանկացած եղանակի դեպքում։ Օդի 5 ºC-ից ցածր միջին ամսական ջերմաստիճանի և 0 ºC-ից ցածր օրական նվազագույն ջերմաստիճանի դեպքում կարելի է կատարել բետոնացման աշխատանքներ, քանի որ նման եղանակային պայմաններում շինարարական աշխատանքների համար կիրառվող բետոնի խառնուրդները պատրաստվում են տաքացվող բետոնախառնիչներով, օգտագործելով տաքացված ջուր և լցանյութեր։ Բետոնե խառնուրդին ավելացվում են համապատասխան հավելանյութեր, կիրառվում են բետոնի խառնուրդի պատրաստման, տեղափոխման, փռման համապատասխան ձևերը և միջոցները, որոնց դեպքում ապահովվում է սահմանված անհրաժեշտ չափանիշներին համապատասխան բետոնապատում։ Իսկ ջրահեռացման համակարգերի (մետաղական կամ հավաքովի երկաթբետոնե խողովակներ, հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաներ), անվտանգության տարրերի տեղադրման համար նախանշված սահմանափակման չափորոշիչներ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր