00:00:00

ՀՀԿ-ում տեսակետները կիսվել են. արտահերթին մասնակցելու հարցը կորոշվի հաջորդ շաբաթ. Աշոտյան

19:43, 02 նոյեմբեր 2018

Հայաստանի հանրապետական կուսակցությունում առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցով տեսակետները կիսվել են: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Մեզ մոտ գլոբալ առումով տրամադրությունների ճամբարները չեն փոխվել. կան մասնակցելու տրամադրված քաղաքական գործիչների շարք եւ կան մարդիկ, որոնք կարծում են, որ մասնակցել չարժե տարբեր պատճառներով՝ սկսած այն հանգամանքից, որ այս գալիք Ազգային ժողովն էլ, ըստ այս մարդկանց, ժամանակավոր է լինելու, վերջացրած այն հանգամանքով, որ եթե չենք հաղթելու, ինչու ենք մասնակցում»,-նշեց նա։ Սակայն, Աշոտյանի խոսքով, ամեն ինչ որոշակի կլինի, երբ կուսակցության ղեկավար մարմինը որոշում ընդունի. «Այնուհանդերձ, մենք զուգահեռ ապրում ենք մի ռեժիմում, որտեղ կուսակցական գրասենյակի աշխատանքները եռում են առավոտից մինչ երեկո։ Աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ գուցե մասնակցելու ենք»։ Աշոտյանը հայտնեց՝ համաժողովը կկայանա, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթվա վերջ, ըստ ամենայնի՝ նոյեմբերի 11-ին, եւ այն կգլխավորի կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Հարցին, արդյոք Սերժ Սարգսյանը կգլխավորի ցուցակը, նա պատասխանեց. «ՀՀԿ-ի ցուցակը Սերժ Սարգսյանը գլխավորելու մասով որոշում չկա»: ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ Սերժ Սարգսյանը ընտրություններին մասնակցելու հարցում վերջնական որոշում չի հայտնել. «Նա ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ այդ քննարկումները բացառապես բովանդակային են»,- եզրափակեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր