00:00:00

Ալեքսանյանի խնամուց մինչեւ նախկին ԱԱԾ-ական․ ՀՀԿ-ից՝ ՔՊ

12:27, 02 նոյեմբեր 2018

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր առավոտյան գումարած արտահերթ նիստում միաձայն հաստատեց Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Քաղաքական ուժերը վերադասավորվում են առաջիկա խորհրդարանական ընտրություններով  պայմանավորված։ Հասարակությունը ականատես է լինում ճամբարափոխության։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանն արդեն իսկ հայտարարել է իր անվերապահ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։ Իր անդամակցությունը «Ժառագություն» կուսակցությանը դադարեցնում է նաեւ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Նա երեկ հայտարարել է, որ անդամակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Գլխավոր ինտրիգը մնում է ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցել- չմասնակցելու հարցը։ Վերջնական որոշում կուսակցությունում կընդունեն նոյեմբերի 11-ին։ Միաժամանակ հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի՝ բարիկադները քանդելու եւ իրենց շարքերում ՀՀԿ-ականներին ընդունելու առաջարկությունը ոգեւորել է մի շարք ՀՀԿ-ականների։ Մասնավորապես Irakanum.am-ի աղբյուրները հայտնում են, որ  Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ եւ «Իմ քայլը» դաշինքով առաջիկա ընտրություններին իր թեկնածությունը կառաջադրի  Արտակարգ իրավիճակների նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանը։ Նա Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով է առաջադրվելու։ «Իմ քայլը» դաշինքում են  լինելու նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ  Շիրակ Թորոսյանը, Տաճադ Վարդապետյանը։ Խոսվում է նաեւ Կորյուն Նահապետյանի մասին։ Վերջինս հիշեցնենք, Սամվել Ալեքսանյանի քրոջ փեսան է։ Նա ԱԺ-ում մշտապես հայտնվել է Լֆիկ Սամոյի աջակցությամբ։ Նիկոլ Փաշինյանին անվերապահ աջակցություն հայտնած Կոստանյան Գեւորգը տեղ չի ունենա «Իմ քայլը» դաշինքում։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի գործարար հատվածին, ովքեր իշխանափոխությունից հետո անջատվեցին խմբակցությունից, այս օրերին զբաղված են իրենց համար քաղաքական «տանիքներ» փնտրելով։ Ոմանք անգամ մտածում են քաղաքական էջը փակելու մասին։ Մասնավորապես նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը չի առաջադրի իր թեկնածությունը։ Արայիկ Գրիգորյանը եւս քաղաքականությամբ չի զբաղվի։ Հիշեցնենք, որ գործող Ազգային ժողովը երեկ ձայների 0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ, ինչի հետևանքով իրավունքի ուժով արձակվեց, և Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 9-ն նշանակելու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր