Կառավարության նոյեմբերի 1-ի նստի ժամանակ կքննարկվի «Դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու կարգը սահմանելու մասին որոշման» նախագիծը:
Նախագիծը ներառված է չզեկուցվող հարցերի ցանկում:Ըստ նախագծի՝ Ոստիկանության պետին կհանձնարարվի մեկամսյա ժամկետում սահմանել դատավորներին տրամադրվող հաշվեցուցակային զենքի տեսակները, ձեւը, մոդելը, փամփուշտների քանակը եւ պաշտպանության հատուկ միջոցների տեսակները:
Դատավորների՝ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաեւ զենքի եւ պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցումը կազմակերպում է Ոստիկանությունը:
Նախատեսվել է, որ դատավորի լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու դեպքում տրամադրված հաշվեցուցակային զենքը եւ պաշտպանության հատուկ միջոցները դատավորը մեկշաբաթյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով հանձնում է Ոստիկանություն, ամրագրվել է պաշտոնավարման ընթացքում դատավորի՝ տրամադրված հաշվեցուցակային զենքից եւ պաշտպանության հատուկ միջոցներից հրաժարվելու ընթացակարգ:
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է կարգավորել դատավորներին հաշվեցուցակային զենք եւ պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրելու հետ կապված հարաբերությունները: