00:00:00

«Տիգրանների ժամանակը»

23:31, 30 հոկտեմբեր 2018

Հետք պարբերականը տեղեկություն է հրապարակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասին, որը կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքի մասին է: Մասնավորապես ըստ հրապարակման Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից: Ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի ապրիլի 30-ին: «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենը Արմեն Մարտիրոսի Ավինյանն է, որը փոխվարչապետի հայրն է: ՍՊԸ-ն գրանցված է այն հասցեում, որտեղ հաշվառված է Տիգրան Ավինյանը: Հիմնադրամի նախագահը օրերս նշանակվել է գյուղատնտեսության նախարար, եւ տեսակետներ կան, որ այդ նշանակման հարցում մեծ դերակատարություն է ունեցել Ավինյանին բիզնեսը զարգացնելու հիմնադրամի որոշումը։ Սա թերեւս քննարկման մեկ այլ թեմա է։ Բավականին աղմկոտ այս պատմությանն անդրադարձել է Ավինյանի խոսնակը, ներկայացնելով այսպես ասած պաշտոնական վարկածը, ասելով, որ դրամաշնորհի հայտի գործընթացը անցնում է անկախ հանձնաժողովի քննություն եւ դրանում չի եղել որեւէ կոռուպցիա: Ավինյանը հայտ ներկայացրել է մինչ հեղափոխությունը, դրամաշնորհը ստացել՝ երբ արդեն փոխվարչապետն էր։ Դժվար չէ, ենթադրել, որ Ավինյան Տիգրանին նման պատվի արժանացրել են հատկապես հաշվի առնելով նրա պաշտոնեական դիրքը։ Միեւնույն ժամանակ խոսնակի արձագանքից պարզ է դառնում, որ թղթերով ղեկավարի մոտ ամեն ինչ նորմալ է։ Նախկին իշխանության տարբեր ներկայացուցիչներ տարբեր բիզնեսներ ունեին, որոնք իրենց անուններով չէին։ Նրանք նաեւ դրամաշնորհներից էին օգտվում, սակայն ընդդիմադիր թեւի, այդ դեպքում Ավինյանի անմիջական ղեկավարի ու ներկայիս գործընկերների կողմից արժանանում խիստ քննադատության։ Երբ տարիներ առաջ Հետք պարբերականը տեղեկություններ հրապարակեց այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի օֆշորային սկանդալի մասին, վերջիններս կտրուկ հերքեցին իրենց անվան հետ կապված սկանդալը։ Սարգսյանը կարողացավ ապացուցել, որ թղթերով որեւէ կերպ կապ չունի իրեն վերագրվող պատմության հետ։ Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանն էլ ժամանակին խոսելով ԱԺ-ում գործարար պատգամավորների, եւ նրանց ՀՀԿ-ի ցուցակում լինելու հանգամանքի մասին, հայտարարել էր, թե թղթերով նրանց մոտ ամեն ինչ նորմալ է։ Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Այս արտահայտությունը շատ հաճախ կարելի է լսել ներկայիս իշխանականների շուրթերից, սակայն գործնականում հայ հասարակությունը ականատես է լինում նույն այն բարքերին, որոնք արմատացած էին հին Հայաստանում։ Երկրում տիրող նախկին ու ներկա իրավիճակը թերեւս լավագույնս ներկայացված է Վանո Սիրադեղյանի «Գյադաների ժամանակը» գրքում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր