Ռուսաստանի նորությունների դաշնային գործակալության հաղորդման համաձայն՝ ՌԴ խորհրդարանի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ «ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը կարող է Երևանում անցկացվել 2019-ի աշնանը: «Կա հնարավորություն աշնանային նիստն անցկացնել Երևանում, եթե հայկական կողմը հանդես գա նման առաջարկով»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ 2018-ի աշնանը լիագումար նիստի անցկացումը Երևանից Մոսկվա տեղափոխվեց այն պատճառաբանությամբ, որ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու:
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին մասնակցում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա իր ելույթում, անդրադառնալով նիստի վայրի տեղափոխման հարցին, ասել էր. «Այո, Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կարող է հանգեցնել խորհրդարանի լուծարման և, որպես հետևանք, արտահերթ ընտրությունների։ Բայց, անկախ ամեն ինչից, մենք պատրաստ ենք կատարել մեր պարտավորությունները և ընդունել մեզ մոտ նախանշված միջոցառումները: Միևնույն ժամանակ, մենք հարգում ենք կոնսենսուսով ընդունված որոշումը՝ հետաձգելու երևանյան նիստի անցկացումը: Հուսով եմ, որ Երևանում առաջիկայում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստը»: