00:00:00

ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու, Փաշինյանին կողմ չի քվեարկելու

16:58, 30 հոկտեմբեր 2018

ՀՀԿ  խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու։ Այս մասին, այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է  Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Շարմազանովը նաև նշեց, որ նոյեմբերի 1-ին Հանրապետական խմբակցությունը չի պատրաստվում կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը։ «Հանրապետականի բոլոր քաղաքական հայտարարությունները հստակ են, ուղիղ են և տրամաբանական են, հետևաբար Հանրապետականը նոր թեկնածու չի առաջադրելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շարմազանովը՝ շարունակելով. - «Դեմ լինելով դեկտեմբերին հապճեպ ընտրություններին, այնուամենայնիվ մենք չենք պատրաստվում կողմ քվեարկել Փաշինյանի վարչապետությանը։ Եթե դահլիճում լինեմ, դեմ կքվեարկեմ, կամ չեմ մասնակցի, էականը կողմ չքվեարկելն է, որովհետև և՛ մայիսի 1-ին, և՛ մայիսի 8-ին, և՛ դրանից հետո, և՛ այս վեց ամսվա ընթացքում ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը լավ հռետոր է, բայց վատ վարչապետ»։ Ազգային ժողովի «Ծառուկյան», «Ելք» խմբակցությունների և Հանրապետական խմբակցությունից անջատված պատգամավորները վարչապետի պաշտոնում այսօր առաջադրեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ նորից չընտրվելու պայմանով: Վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանում է այսօր՝ ժամը 18-ին: Այս պահի դրությամբ առաջադրված է միայն մեկ՝ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Վարչապետի ընտրության հարցի քննարկումն ու քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 1-ին։ Եթե այս անգամ էլ վարչապետ չընտրվի, Ազգային ժողովն իրավունքի ուժով կլուծարվի և կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր