00:00:00

Կոչ են անում համաներումը տարածել 1 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցողների վրա. նամակ պատգամավորներին

15:58, 30 հոկտեմբեր 2018 Իրավական

Մի խումբ ՀՀ քաղաքացիներ բաց նամակով դիմել են ԱԺ պատգամավորներին կոչ անելով, որ համաներումը տարածել 1 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցողների վրա: Նամակում ասվում է. «Մենք տեղեկացել ենք, որ հոկտեմբերի 31-ին Ազգային Ժողովում քննարկման է դրվելու կառավարության կողմից մշակված «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: Չնայած Արդարադատության նախարարի այն հայտարարություններին, թե այս անգամ լինելու է աննախադեպ մեծ համաներում, մենք կարծում ենք, որ այս օրենքի նախագիծը հանիրավի դուրս է թողնում համաներման արժանի եւ խոցելի դատապարտյալների որոշ խմբերի: Այդ իսկ պատճառով կոչ ենք անում ձեր լիազորությունների շրջանակում Ազգային Ժողովում համաներման մասին օրենքի քննարկման ժամանակ առաջարկել հետեւյալ փոփոխությունները՝ փոխել հոդված 2, մաս 2.3-ն այնպես, որպեսզի համաներումը տարածվի 1 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցողների վրա: Մասնավորապես խոսքը վերաբերում է միայնակ մայրերին, քանի որ նրանց՝ բանտում հայտնվելու դեպքում երեխան(երը) մանկատանն են հայտնվելու: Թե՛ իրավական եւ թե՛ սոցիալական տեսանկյունից խնդրային է գտնել որեւէ հիմնավորում, թե ինչով է պայմանավորված նման սահմանափակում եւ թե ինչու երեք երեխաների իրավունքներն ու լավագույն շահը հաշվի են առնվում, իսկ մեկ երեխայինը, փաստորեն, ոչ։ Նման բազմազավակ միայնակ կնոջ ազատազրկման օրինակ է Սիսիանում 10.000 դրամի գողության մեղադրանքով 5 տարվա ազատազրկման դատապարտված Հասմիկ Սարգսյանի դեպքը։ Հասմիկը չորս երեխաների մայր է, ամուսինը տեւական ժամանակ է, ինչ լքել է ընտանիքը, իսկ հանցագործություն կատարելու պահին Հասմիկի երեխաներից 3-ն անչափահաս էին, իսկ չափահաս որդին գտնվում էր պարտադիր զինծառայության մեջ։ Հետաքննության ու դատաքննության ժամանակահատվածում անչափահասներից մեկի 18 տարին լրացել է, նա ամուսնացել եւ տեղափոխվել է այլ բնակավայր։ Այսպիսով, Սարգսյանի՝ կալանավորվելու պարագայում նրա երկու անչափահաս երեխաները մնալու են առանց խնամքի, ուստի եւ վտանգված է նրանց լավագույն շահը, ինչը, երեխաների իրավունքների պաշտպանության առանցքում է: Հասմիկի դեպքը, իհարկե, եզակի չէ, եւ ՀՀ կալանավայրերում դատապարտված են նաեւ այլ կանայք, ովքեր իրենց ծանր սոցիալական վիճակից ելնելով՝ իրենց երեխաների կենսական կարիքները հոգալու համար հանցագործության են դիմել, ու հիմա նրանց երեխաները զրկված են ծնողական խնամքից: Փաստորեն, բավարար չէ, որ պետությունը խախտել է այս մարդկանց իրավունքը՝ նրանց աղքատության մեջ անօգնական թողնելով, դեռ մի բան էլ պատժում է վերջիններիս աղքատ լինելու համար, քանզի հենց աղքատությունն է նրանց դրել իրենց եւ իրենց երեխաների կյանքն ու առողջությունը փրկելու անհրաժեշտությամբ պայմանավորված հանցագործությունների։ Մենք ուշադրությամբ հետեւելու ենք վաղը ԱԺ-ում Համաներում հայտարարելու մասին օրենքի քննարկմանը եւ հուսով ենք, որ վերը նշված խնդիրը կբարձրաձայնվի եւ տեղ կգտնի օրենքում: Անահիտ Սիմոնյան Աննա Նիկողոսյան Աննա Շահնազարյան Արէ Մարտիրոսյան Արման Ղարիբյան Արփինե Գալֆայան Զառա Հարությունյան Զարուհի Հովհաննիսյան Լալա Ասլիկյան Ստելլա Չանդիրյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր