00:00:00

Համաներման ակտում կա լուրջ իրավական սխալ. Դավիթ Հարությունյան

02:23, 30 հոկտեմբեր 2018 Իրավական

Համաներման ակտում կա լուրջ իրավական սխալ՝ ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը tert.amհետ հարցազրույցում: Խոսքը 2016-ի հուլիսին ՊՊԾ գնդի  գրավմանն առնչվող գործերի մասին է։ Համաներումը, որպես կանոն, տարածվում է 3 խումբ անձանց վրա. 1-ին խումբն այն անձինք են, որոնց վերաբերյալ դատարանն արդեն արձակել է դատավճիռ և սահմանել է պատիժ: Այդ անձանց պարագայում վնասի հատուցման առումով ամեն ինչ պարզ է, վնասը կարելի է հետագայում պահանջել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի շրջանակներում: 2–րդ խումբն այն անձինք են, որոնց նկատմամբ դեռևս չկա դատավճիռ, սակայն իրականացվում է քրեական հետապնդում: Իսկ երրորդ խումբն այն անձինք են, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը չի էլ սկսվել: «Այս վերջին երկու խմբերի պարագայում, եթե առկա է հանցագործությամբ պատճառված վնաս, ապա համաներման կիրառումը վնասի հատուցման հարցը կարող է մտցնել փակուղի, քանի որ Քաղաքացիական դատավարության շրջանակներում հնարավոր չի լինի պարզել կոնկրետ վնաս պատճառած անձի մեղավորությունը և իր արարքի կապը պատճառած վնասի հետ: Այս լուրջ խնդիրը նախագծում հաշվի առնված չէ»,–ասել է Դավիթ Հարությունյանը: Նա պարզաբանել է, որ այս կերպ նախագծի մեկ նորմը կդառնա չգործող. «Առավելապես խոսքը այն մասին է, որ անձինք, ովքեր կատարել են հանցագործություն՝ նույն՝ ՊՊԾ գնդի գրավում, բայց նրանց նկատմամբ դեռևս չկա դատավճիռ, այդ անձանցից վնասի հատուցման որևէ եղանակ չկա, թեև այս նախագծում նախատեսվում է, որ պետք է Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով նրանցից վնասը գանձվի: Դա ուղղակի հնարավոր չի լինելու»: Սա նշանակում է անկախ նրանից՝ համաներում լինում է, թե ոչ, վնասը միշտ պետք է գանձվի: Ընդունված մոտեցումը, Դավիթ Հարությունյանի խոսքով,  հետևյալն է. եթե կա վնասի հարց, երբեք քրեական հետապնդումը չի դադարեցվում, համաներման կիրառումը առկախվում է, մինչև մեղավորությունը կամ անմեղությունը հաստատող դատական ակտը: Եթե անգամ դատարանը ճանաչի անձի մեղավորությունը, համաներումը կարող է կիրառվել, բայց ոչ թե մինչև դատական ակտի կայացումը հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել։ Նշենք, որ Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ կառավարությունը մտադիր է քրեական գործերով համաներում հայտարարել, որի մասին օրինագիծը ԱԺ–ն կքննարկի հոկտեմբերի 31–ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր