00:00:00

Նիկոլ Փաշինյանը և Ջոն Բոլթոնը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

18:04, 25 հոկտեմբեր 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ հյուրընկալել նման բարձր մակարդակի պատվիրակության, ինչը պատմական է Հայաստանի համար: Շատ կարևոր է ԱՄՆ-ի հետ ունենալ բարձր մակարդակի շփումներ, և մեր կառավարությունը կարևորում է հայ-ամերիկյան ակտիվ երկխոսությունն ու սերտ փոխգործակցությունը»: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և նշել, որ այժմ մեր երկիրն ապրում է պատմական ժամանակաշրջան: «Սիրո և համերաշխության ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցող գործընթացները հիմնված են բացառապես ժողովրդավարական արժեքների վրա: Այժմ մենք աշխատում ենք, որպեսզի ստեղծենք և ամրապնդենք կայուն ու ինստիտուցիոնալ ժողովրդավարական պետություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով մեր երկրում ժողովրդավարության զարգացումը, թափանցիկ կառավարաման համակարգի, անկախ դատական համակարգի ամրապնդումը միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ առաջ է շարժվում ժողովրդավարության զարգացման ճանապարհով, որը մեր հասարակության համար ներքին համոզմունք է և արժեք: Ջոն Բոլթոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Նիկոլ Փաշինյանին փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջերմ ողջույնները: ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը նշել է, որ Հայաստանի համար պատմական նշանակություն ունեցող այս ժամանակաշրջանում իրենք կարևորում են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումն ու խորացումը: «Ուրախ եմ Ձեզ հետ քննարկել հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող երկկողմ ու տարածաշրջանային հարցերի լայն շրջանակը: Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանում խաղաղ ժողովրդավարական անցումը հաջողությամբ առաջնորդելու համար: Միացյալ Նահանգներն աջակցում է նոր կառավարության ջանքերին՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի թափանցիկության աստիճանի բարձրացմանը և քաղաքացիների առաջ կառավարության հաշվետվողականության մեծացմանն այնպիսի ուղիներով, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության, իրավունքի գերակայության և տարածաշրջանային կայունության ամրապնդմանը»,- ասել է Ջոն Բոլթոնը: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Մասնավորապես, կողմերն անդադարձել են մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, տնտեսության, արդարադատության համակարգի, քաղաքացիական հասարակության զարգացման ուղղություններով համագործակցության ընդլայնմանը և կարևորել երկկողմ փոխգործակցությանը նոր թափ հաղորդելուն միտված հետևողական քայլերի իրականացումը: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը և Ջոն Բոլթոնը ընդգծել են նման բարձր մակարդակի փոխայցելություններն ավելի հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և ԱՄՆ նախագահի խորհրդականը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ: Երկուստեք կարևորվել է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում և բանակցային գործընթացի համար համապատասխան մթնոլորտի ձևավորումը: Կողմերը քննարկել են նաև միջազգային ասպարեզում, այդ թվում՝ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող մի շարք այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր