00:00:00

Կառավարությունը մերժեց Վահրամ Բաղդասարյանին ու Էդուարդ Շարմազանովին

13:08, 25 հոկտեմբեր 2018

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին որոշման նախագիծը:
Նախագիծը ներկայացրել են Ազգային ժողովի ՀՀԿ  խմբակցության  պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը,  Էդուարդ Շարմազանովը և այլ պատգամավորներ:
«Առաջարկվում է Երեխաների մասին 18-րդ հոդվածը լրացնել նոր մասով, որի բովանդակությունը հետևյալն է՝  երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը, քարոզչությունն արգելվում է», -նախագիծը կառավարության քննարկմանը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արսեն Մանուկյանը:
Նա նշեց, որ ներկայացված առաջարկությունը կրկնում է արդեն իսկ գործող հոդվածի 4-րդ մասի երաշխիքը:
«Ներկայացված օրենքի նախագծում կան հասկացություններ, որոնք ունեն ոչ միատեսակ, ոչ միանաշանակ ընկալում։ Խոսքը վերաբերոմ է «ոչ ավանդական սեռական հարաբերություններ», «ավանդական սեռական հարաբերություններ» արտահայտություններին. մեր համոզմամբ նման հասկացությունների կիրառումը լինելու է վիճահարույց», - ասաց Մանուկյանը:
Արսեն Մանուկյանն առաջարկեց բացասական եզրակացություն տալ նախագծին:
«Այսօր համացացնում կա կատարյալ ազատություն ու երեխաները նույնպես օգտվում են համացանցից, ու ամեն ինչին հասանելիություն կա», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Արսեն Մանուկյանն ասաց, թե Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքում, մասնավորապես, նման թեմաների քարոզչության հետ կապված խնդիր կա:
«Ասել, որ դրանք միանշանակ ակտիվ պայքար կարող ենք տանել, թերևս, այս առումով աշխատանքներ շատ ունենք իրականացնելու, ուղղակի օրենքի նախագծի հետ կապված՝ այս ձևակերպումները այդ խնդիրը չեն լուծում, ավելի շատ դրանք պրակտիկ կիրառման դաշտում են», - ասաց փոխնախարարի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս պրոբլեմն ամբողջ աշխարհում է. «Լուծումը դեռևս գտնված չէ ու այսօրվա ընկալումներով շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կգտնվի լուծումը»։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ միևնույն է, թեկուզ ամենախիստ բառապաշարներով օրենքը ընդունեն, խնդիրը շարունակելու է մնալ չլուծված:
«Այնպես որ, եթե ուզում ենք քարոզչություն չանել, այս հարցերը պետք է քվեարկենք խիստ գաղտնի ռեժիմով ու նախագծի հեղինակներն էլ գաղտնի անեն, օրենքն էլ գաղտնի լինի, քննարկումն էլ, կիրառումն էլ, հակառակ դեպքում, ցանկացած հակաքարոզչություն քարոզչության կոմպոնենտ է պարունակում», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր