00:00:00

ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ բանակցություններն անցան խիստ դրական մթնոլորտում․ Նիկոլ Փաշինյան

12:00, 25 հոկտեմբեր 2018

ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ բանակցություններն անցան խիստ դրական մթնոլորտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իր և ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպումից ստացած իր տպավորությունները: «Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»,-  գրել է նա: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Հայաստանում է տարածաշրջանային այցի շրջանակներում: Սա ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն է անկախության տարիներին։ Հիշեցնենք նաև, որ Ջոն Բոլթոնը Երևան է ժամանել երեկ երեկոյան: Նրա այցը տարածաշրջանային է․մեկնարկել է հոկտեմբերի 21-ին Մոսկվայից, որտեղ նա բանակցություններ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մոսկվայից հետո Բոլթոնի հաջորդ կանգառը եղել է Բաքուն: Այստեղ նա խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ իր մոտեցումներից: Նա մասնավորապես ասել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը խաղաղ ճանապարհով:  Նրա դիտարկմամբ՝  ԼՂ հակամարտության կարգավորումը կարող է ազդել ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման վրա: «Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն ունի նաև մեզ համար»,- ասել է նա: Նշենք, որ Երևանից Բոլթոնը մեկնելու է Թբիլիսի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր