00:00:00

Աբովյան փողոցի խանութների սեփականատերերը կառուցապատողին մեղադրում են քրեական հանցանքների մեջ

17:53, 24 հոկտեմբեր 2018 Իրավական

2000-ական թվականներին Հայաստանում սկսվեց ունեցվածքի մեծ վերաբաշխում, թալան, սեփականատերերի ունեզրկում, գրում է hraparak.am-ը: Առաջին թիրախը Երեւանի կենտրոնում բնակելի կամ բիզնես-տարածքներ ունեցողներն էին, որոնց ունեցվածքը կոպեկներով խլվում եւ յուրացվում էր հանուն «հանրային շահի»։ Հետագա զարգացումները, սակայն, ցույց տվեցին, որ այս գործընթացում շահ ունեցողը ոչ թե հանրությունն էր, այլ բարձր պաշտոններ ու հովանավորություն ունեցող անձինք… Նրանք էին դառնում մարդկանց սեփականության, նաեւ ճակատագրերի տերերը։ «Ամբողջ քաղաքը՝ Քոչարյանից, Սերժից սկսած, շատ լավ գիտեին, թե Ավետիսն ով է։ Բոլոր գործերը նա անում էր Լեւոն Սարգսյանի անունով, նրա օգնությամբ։ Ի՞նչ անեինք։ Պատ էր, գլխով խփում էինք, հետ էինք գնում»,- պատմում է պետական կարիքների զոհերից մեկը՝ Արամի 30, բն․ 11 հասցեում գտնվող խանութի տերը՝ Աշոտ Մարտիրոսյանը։ Այս հասցեում, որտեղ խորհրդային ժամանակներում մի մեծ բնակարան էր, հետագայում երեք փոքրիկ խանութներ տեղավորվեցին՝ ներքնազգեստների, հագուստի, կոշկեղենի։ Աշոտ Մարտիրոսյանը խանութներից մեկի տերն էր։ Նա ձայնասկավառակներ էր վաճառում։ Համակարգչային տեխնոլոգիաների բուռն զարգացման շրջանում անցավ հագուստի։ Մարտիրոսյանին եւ մյուսներին, ըստ նրանց, ունեզրկել է սիրիահայ կառուցապատող Ավետիս Կարագուլյանը։ Մենք արդեն անդրադարձել ենք բուռն դատական կենսագրություն ունեցող այս անձի մեկ այլ զոհի՝ «Լիլիթ» խանութի սեփականատեր Աշոտ Թադեւոսյանի պատմությանը։ Թադեւոսյանը միակն է, ով կարողացավ պաշտպանել իր ունեցվածքը Սերժ Սարգսյանի եղբոր հովանավորյալի ոտնձգություններից, սակայն արդեն 10 տարուց ավելի է՝ ամեն վայրկյան կանգնած է ունեզրկման վտանգի առաջ։ Ավետիս Կարագուլյանը չի հրաժարվել «Լիլիթ» խանութը քանդելու ծրագրերից, ինչի մասին հայտնեց նաեւ «Հրապարակի» հետ զրույցում։ Նա դրանք պատրաստվում է իրագործել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ստորագրած մի ապօրինի որոշման հիման վրա։ Մեր անդրադարձից հետո մեզ հետ կապվեցին մի խումբ գործարարներ, որոնք եւս դատական պատերազմներ են մղել Ավետիս Կարագուլյանի դեմ, բայց հիմնականում պարտվել են։ Բոլորն ինձի դատի կուդան, ես էլ քեզի տվեցի Աշոտ Մարտիրոսյանին, օրինակ, դատավորներից մեկը պարզ ասել է․ «Ի՞նչ անենք, Աշոտ ջան, եկել է Ավետիսը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովայի հետ, կոկորդներիցս բռնել է․ մենք ձեզ պետք է վտարենք, ուրիշ որոշում չենք կարող ընդունել»։ Նա բարեխիղճ հարկատու էր, ապրում էր խանութով եւ մի տասը ընտանիք էլ հետն էր ապրեցնում։ 2006 թվականին ընդունվեց Աբովյան-Արամի փողոցներին հարող եւ դրանցով պարփակված ամբողջ տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու կառավարության որոշումը, եւ տարածքի կառուցապատման իրավունքը փաստացի տրվեց Ավետիս Կարագուլյանին։ «Մենք կարճ ժամանակում հասկացանք, որ դա պետական կարիքների համար չէ, սեփական կարիքների համար է, այնտեղ պետք է կառուցվեն հյուրանոցներ, բնակելի շենքեր ու վաճառվեն մեկին տասը գներով»,- ասում է Աշոտ Մարտիրոսյանը։ Կառուցապատման ԾԻԳ-ում նրան պարզ հասկացրել են, որ եթե չհամաձայնի մեկ քառակուսին 1000 դոլարով տալ կառուցապատողին, կդիմեն դատարան եւ իրեն կվտարեն տարածքից։ Այդ ժամանակ բիզնես-տարածքի մեկ քառակուսի մետրն արժեր 7 հազար դոլար։ «Գնացի դատարան, ասացին՝ տղա ջան, մեղք ես, գնա իրենց հետ լեզու գտիր։ Ես էլ մտածեցի, որ եթե պիտի վտարեն, քմ-ն 1000 դոլար էլ ինձ փող շպրտեն, գոնե գնամ հետները պայմանագիր կապեմ»։ Արդյունքում Աբովյան փողոցի 3,2 քմ ճակատամաս ունեցող խանութի փոխարեն նրան խոստացվել է Արամի փողոցի 2,4 քմ «ֆասադ» ունեցող տարածք եւ թույլ է տվել, որ աշխատի իր հին տեղում, մինչեւ «բուլդոզերի» գալը։ Հակառակ դեպքում Ավետիս Կարագուլյանը ստիպված կլիներ պարապուրդի համար փոխհատուցել գործարարի կրած վնասը։ Մինչեւ 2011 թվականը Մարտիրոսյանը տարածքն ազատելու վերաբերյալ որեւէ տեղեկացում չի ստացել։ Նա հանգիստ աշխատել է, մինչեւ որ մի գեղեցիկ օր դատարանից թուղթ է եկել՝ Կարագուլյանը նրան դատի է տվել տարածքը ժամանակին չազատելու համար։ «Ես միանգամից դիմեցի ԾԻԳ՝ քաղաքապետի կնիքով պատասխան ստացա, որ երբեւիցե Ավոն մեզ չի դիմել, որ տարածքն ազատենք՝ ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր։ Դրանից հետո Ավոն կռիվ գնաց ԾԻԳ-ի վրա, բա՝ հեսա կգնամ, Լեւոնին կասեմ, գործից կհանի ձեզ։ Կառուցապատման ԾԻԳ-ի պետին, իրոք, շուտով գործից ազատեցին։ Ես գնացի ասացի՝ ամեն ինչի ասածներիդ համաձայնել եմ, ինչի՞ ես ինձ դատի տալիս, ասաց՝ բոլորն ինձի դատի կուդան, ես էլ քեզի տվեցի»,- պատմում է Աշոտ Մարտիրոսյանը։ Երկար դատական պայքարից հետո պայմանագիրն Ավետիս Կարագուլյանի «Ավո ՖՄՀ» ընկերության հետ լուծվել է, Մարտիրոսյանին, սակայն, տարածքից ի վերջո վտարել են՝ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանի պահանջով։ Նրան ստիպել են դատարան դիմել։ Հետաքրքիր դրվագ՝ Մարտիրոսյանը բողոք է գրել Սերժ Սարգսյանին։ «Չեմ վախեցել, ասել եմ՝ Ձեր եղբոր անունից այս մարդը մեզ ահաբեկում է։ Այնտեղից նամակ է գալիս՝ Ձեր հարցին կպատասխանի արդարադատության նախարարությունը»։ Այսօր էլ Մարտիրոսյանը Նիկոլ Փաշինյանին է նամակներ գրում։ Մի նամակը նա ուղարկել է քաղաքապետարան, որտեղից պատասխանել է նույն իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը։ «Անշարժ գույքի վերաբերյալ պայմանագիրը կնքվել է Ձեր եւ Ավո Կարագուլյանի միջեւ, Երեւան համայնքը պայմանագրի կողմ չի հանդիսացել։ Բա որ ինքը կապ չունի, ո՞նց էր իմ դեմ վտարման պահանջ ներկայացրել»,- տարակուսում է գործարարը։ Օրերս նա երկրորդ նամակն է գրել Փաշինյանին, բայց դեռ պատասխան չի ստացել։ Յուրաքանչյուրին՝ անհատական մոտեցում Ավետիս Կարագուլյանն անհատական մոտեցում է ցուցաբերել իր զոհերի նկատմամբ՝ յուրաքանչյուրին «քցել» է յուրովի։ Արմեն Միքայելյանը, որը 28 քմ առեւտրային նշանակության տարածք ուներ նույն՝ Արամի 30 հասցեում, դատարանի վճիռ ուներ, որով Կարագուլյանը պետք է 2 տարվա ընթացքում համարժեք տարածք տրամադրեր։ Արդեն տասը տարի է անցել, բայց խոստացված խանութը դեռ չի տրամադրվել։ Փոխարենը Արմեն Միքայելյանը դեռ 30 հազար դոլար էլ փոխհատուցման գումար է տվել տարածքի համար, որը նա, իբր, լրացուցիչ պետք է ապագայում ստանա Կարագուլյանից։ «Ինձ ասել էր՝ ես 28 քմ տարածքով խանութ չունեմ, ամենափոքրը 70 քմ է, ես էլ համաձայնեցի երկու տարում 100 հազար դոլար վճարել՝ որպես փոխհատուցում»։ Դատարանի վճռով այս պայմանն արձանագրվել է։ «7-8 ամիս վճարեցի, հետո տեսա՝ գործ չի անում, գնացի իր մոտ, ասացի՝ պարոն Ավետիս, դու գործ չես անում: Կա՛մ խանութս տուր, կա՛մ՝ գումարս։ Ասաց՝ դու խնդիր չունես, ես քո խանութը կուդամ։ Անցավ 10 տարի, ինչքան գնացել եմ մոտը, ասել է՝ Արմեն ջան, համբերի, քեզ մի բան էլ ավել կուդամ, ամեն հանդիպումից՝ ջերմ հարաբերություն։ Ասում եմ՝ էդքան ուշացրել ես, ես «արենդով» գնացել, ուրիշ տեղ եմ նստել։ Բա՝ կուդամ, հա կուդամ։ Էս վերջում, մի ամիս առաջ, գնացել եմ մոտը, ասում եմ՝ ի՞նչ եղավ։ Բա՝ տարի մը սպասե։ Ասացի՝ կարա՞նք մեր թղթերը մի քիչ թարմացնենք։ Հենց դա ասացի՝ միանգամից շուռ եկավ, բա՝ ես քեզ հետ խոսալու բան չունեմ, դու իրավաբանի հետ կխոսես։ Գնաց, հիմա էլ ոստիկանություն բողոք է գրել, իբր ես իրեն սպառնացել եմ։ Ինձ ոստիկանությունից զանգեցին, բա՝ դու իրեն սպառնացել ես, ինքը քեզնից վտանգ ա սպասում»,- պատմում է Արմեն Միքայելյանը։ Փաստաթղթերով խանութը քանդվել էր, բայց իրականում այն տեղում էր Վրեժ Գսպոյանն էլ, որը ներքնազգեստի խանութ ու սրճարան ուներ այդ հասցեում՝ 141 քմ տարածքով, մի քանի անգամ է դատվել Ավետիս Կարագուլյանի հետ։ Նա հույսը չի դնում դատարանների վրա։ «Նրանով պետք է քրեական մարմինները զբաղվեն»,- ասում է գործարարը։ 2006 թվականին նա պայմանագիր էր կնքել, որ «պետության կարիքների գերակա շահ» հասկացության տակ իր խանութը հանձնի պետությանը։ «Կարագուլյանը ո՛չ հողի, ո՛չ գույքի նկատմամբ իրավունք չուներ, նա հողը ձեռք էր բերել շատ ուշ, մեզ քցելուց հետո։ Գնահատող կազմակերպություն կար, որը միակն էր, որ խանութը գնահատում էր որպես բնակարան, բնակարանը՝ անասնագոմ, որ ցածր գումարներ տային»,- հիշում է Գսպոյանը։ Նա իր տարածքը հանձնել է պետությանը, սակայն հանձնման-ընդունման ակտ նրան չեն տրամադրել, ոչ մի փաստաթուղթ, որի հիման վրա նա հետագայում կարողանար ազատվել տույժ-տուգանքներից, ոչ էլ երկու տարում համարժեք տարածք են տրամադրել նորակառույց շենքում։ Հին խանութի քանդման թույլտվություն է եղել, թղթերով ձեւակերպվել, թե, իբր, խանութը քանդվել է, իրականում, սակայն, այն տեղում է եղել։ «Ըսիկ էլ չկա, ըսիկ հող է, ասում եմ՝ ո՞նց ա հող, էսի կանգնած է ստեղ, մենք էլ՝ մեջտեղ։ Ես թուղթ եմ ուզում, որ տույժ ու տուգանք չտամ՝ ասում եմ։ Պատասխանեց՝ չէ, թղթաբանությունը սաղ արած է»։ Անցել է երկու տարի, խոստացված նոր տարածքը Գսպոյանը չի ստացել։ Տեղեկացել է, որ իրեն խոստացված տարածքը՝ նորակառույցի 8-րդ հարկում, վաճառվել է ուրիշի։ Բանակցություններից հետո Կարագուլյանը նրան նոր խոստում է տվել՝ որ 2010 թ․ 177 քմ կտա։ «Անցավ 8 տարի, ինձ թուղթ եկավ, որ տարածքը պետք է ազատեմ։ Ասաց՝ դու գիտես, որ երկրի պապաների հետ գործ ունես։ Ես ասացի՝ պապաների խնդիրը չէ, պետությունն է ինձնից վերցրել, պետությունը պետք է տա։ Ինքն ասաց՝ գնա, պետությունից էլ ուզի»։ Աշոտ Մարտիրոսյանը, Վրեժ Գսպոյանը, Աշոտ Թադեւոսյանը, Արմեն Միքայելյանը մեղադրում են Ավետիս Կարագուլյանին քրեական հանցագործությունների մեջ։ Դրանցով պետք է զբաղվեն դատախազությունը, վարչապետի վերահսկողության ծառայությունը, ՀՔԾ-ն, քանի որ «պապաների» միջոցով ունեզրկմանը մասնակցել են նաեւ պետական պաշտոնյաներ, դատավորներ, որոնք այսօր էլ հանուն Հայաստանի Հանրապետության վճիռներ են կարդում։ Քրեական մարմինները պետք է պարզեն, թե որքանով է Ավետիս Կարագուլյանը գնել տարածքները, որքանով է ինքը վաճառել, ինչ գին է ցույց տվել թղթի վրա։ Ինչ հիմքով եւ ճարտարապետաշինարարական ինչ փաստաթղթերի հիման վրա է նա Աբովյան 2/5 հասցեում գտնվող իր կառուցած բարձրահարկ շենքի վերջին հարկը կառուցել՝ 330 քմ ընդհանուր մակերեսով, եւ ում է այն պատկանում։ Ըստ լուրերի՝ այն կառուցվել է Լեւոն Սարգսյանի պահանջով եւ պատկանում է նրան։ Իրավապահները պետք է պարզեն նաեւ, թե ինչ հիմքով է Ավետիս Կարագուլյանը քանդել Աբովյան փողոցում գտնվող պատմամշակութային հուշարձանները, որոնք երիտասարդ ակտիվիստները ժամանակին հսկում էին, սակայն չկարողացան պահել։ Սիրիահայ Ավոն այն քանդեց մեկ գիշերում։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր