00:00:00

Փաշինյանը կոչ արեց հոգեբանորեն պատրաստ լինել Մարտի 1-ի բացահայտումների ողջ ծավալին

17:04, 24 հոկտեմբեր 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ ստեղծված են բոլոր պայմանները, որ նախկին և գործող պաշտոնյաների դեմ յուրաքանչյուր գործ մանրամասն քննվի։ Նա նշեց, որ Մարտի 1-ի գործը մինչև վերջ բացահայտվելու է։ «Բոլորին կոչ եմ անելու հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին, հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչ բացահայտվելու է»,- ասաց նա։ Փաշինյանը խոսեց նաև դատական համակարգին հրահանգների մասին։ Նա նշեց, որ պետք է հասկանալ, թե որտեղից կարող են գնալ այդ հրահանգները։ Ըստ Փաշինյանի՝ իր կողմից հրահանգներ չկան, և շատ հնարավոր է, որ հրահանգները գնում են որոշակի շրջանակների կողմից։ Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ իրենք հրահանգներ չեն տալիս դատարաններին, չի նշանակում, որ դատարանները հրահանգներ չեն փնտրում։ Նա խոսեց նաև օրենքի առջև բոլորի հավասարության մասին․ «Եթե մի գործ առնչվի նույնիսկ ինձ ու իմ ընտանիքի անդամներին, ես իմ քաղաքական գործունեությունն ու անցած ճանապարհը անիմաստ կհամարեմ, եթե որևէ խոչընդոտ լինի քննության պատշաճ ընթացքին։ Որևէ պաշտոնյա, որ կոռուպցիայի հետ է առնչվել, չի կարող տեղ զբաղեցնել իշխանության մեջ»։ Նույնը, ըստ Փաշինյանի, վերաբերում է «արյան մեջ թաթախված» պաշտոնյաներին։ Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում անտանելի հիասթափություններ և սթրեսներ է ապրել, երբ եղել են մարդիկ, ովքեր հանդես են եկել հեղափոխության ամենամաքուր պաշտպան «մի քանի ամսվա մեջ քանդուքար են եղել»։ «Այս կտրվածքով ինձ համար տարբերություն չկա նախկին, թե ներկա։ Տարբերություն չկա, նույնիսկ, եթե խոսքը լինի իմ մասին։ Եթե մենք մի միլիմետր շեղվեցինք մարդկանց աչքին ուղիղ նայելուց, ուրեմն մեր գործունեությունը անիմաստ է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր