00:00:00

Ոստիկանները կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկել ՊԵԿ 3 պաշտոնյայի

00:37, 23 հոկտեմբեր 2018 Իրավական

Հոկտեմբերի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու նպատակով վարչություն հրավիրված մի ՍՊ ընկերության փաստացի տնօրենը հաղորդում է տվել, որ ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեղակալ Սամսոն Առաքելյանը և նույն բաժնի տեսուչ ոմն Վաղիկ, 2018 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին ընկերության համար խոչընդոտներ չառաջացնելու, ստուգումներ չիրականացնելու և որոշակի թերությունների ու խախտումների վրա, այսպես ասած, աչք փակելու համար, որպես կաշառք իրենից պահանջել են ընդհանուր՝ 1.000.000 դրամ: Հոկտեմբերի 22-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պահանջած կաշառքը ստանալու պահին մերկացվել ու բռնվել է նշված բաժնի պետի տեղակալ Սամսոն Առաքելյանը: ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանը, տեղակալ Սամսոն Առաքելյանը և տեսուչ Վաղարշակ Լալայանը կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Այն հանձնվել է հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր