00:00:00

Հայկ Մարությանն անբավարար է գնահատել «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքները

20:13, 22 հոկտեմբեր 2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցությանը իր գոհունակությունն է հայտնել բոլոր պատասխանատուներին՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության 2800-ամյակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընթացիկ աշխատանքների վերաբերյալ քաղաքապետին մասնավորապես զեկուցվել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում շարունակվել է ամենօրյա հսկողությունը՝ բացօթյա ապօրինի առևտրի և չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ու կանխման նպատակով: «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության և սանմաքրման աշխատանքները գնահատելով անբավարար՝ Հայկ Մարությանը նշել է, որ այս ուղղությամբ պետք է վերանայվի ընկերության աշխատանքների կազմակերպման մեխանիզմը և էլ ավելի խստացվի վերահսկողությունը: Մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների հայտնաբերման ու կանխման ուղղությամբ տարվող հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրված իրավախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է խստացնել հսկողությունը և կիրառել խիստ վարչարարություն: «Այս ոլորտում մենք նույնպես մեծ աշխատանք ունենք տանելու և ցանկալի արդյունքի համար ակնկալում եմ նաև ոստիկանության աջակցությունը: Հասարակությունը պետք է հստակ իմանա, որ այսուհետ մայրաքաղաքում չի լինելու ինքնակամ շինարարության որևէ դեպք, լինելու դեպքում էլ այն կանխվելու է տեղում և անմիջապես»,-նշել է քաղաքապետը: Խորհրդակցությանը զեկուցվել է, որ քաղաքապետարանի 2018թ. ծրագրով նախատեսված ընդհանուր օգտագործման գույքի, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Ավարտական փուլում են փողոցների և բակերի ընթացիկ տարվա ծրագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել աշխատանքների որակն ու կատարման ժամանակացույցը; Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 326 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 241-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 85 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 92 հեռախոսազանգ, որոնցից 54-ին լուծում է տրվել, իսկ 38-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: Քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ այսուհետ անձամբ է հետևելու քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների արձագանքման ընթացքին: «Այսուհետ ես անձամբ հետևելու եմ նաև այս աշխատանքներին և ստացված տեղեկատվությանը, թե ինչպես ենք մենք արձագանքում մեր բնակիչների խնդիրներին: «Թեժ գիծ» ծառայությունը մեր քաղաքի զարկերակն է, որին պետք է հետևենք և իմանանք՝ ինչ խնդիրներով է ապրում մեր քաղաքը»,-նշել է Հայկ Մարությանը: Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով ձմռան նախապատրաստական աշխատանքերին, աշխատակազմի համապատասխան վարչություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերում տարվող աշխատանքներին զուգահեռ նախապատրաստական աշխատանքերն իրականացնել նաև քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում, նախադպրոցական, մարզական, մշակութային և առողջապահական հաստատություններում՝ կենսաապահովման համակարգերի անխափան շահագործումն ապահովելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր