ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում այսօր անդրադարձավ նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին՝ շնորհավորելով հաղթած թեկնածուներին։ Փաշինյանը, սակայն, նշեց, որ առաջին հերթին շնորհավորում է այն քաղաքացիներին, որոնք ընտրության արդյունքներից հետո իրենց հաղթած զգացին։ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ այս ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը հաղթած է։
«Ես կապանում այլ թեկնածուի էի պաշտպանում, բայց այլ թեկնածու հաղթեց։ Շատ կարևոր է, որ այս փաստի վերլուծությունն ու գնահատականը ճիշտ տրվի, քանի որ աննախադեպ է, որ երկրի վարչապետն անձամբ պաշտպանում է որևէ թեկնածուի, սակայն այդ թեկնածուն չի հաղթում։ Սա ժողովրդավարության մեծագույն հաղթանակն է նորագույն պատմության մեջ։ Մենք սրա համար ենք հեղափոխություն արել, և այս հեղափոխությունը հաղթել է, և դուք եք հաղթել։ Վերլուծություններ են հնչում, որ, այ, տեսեք, հեղափոխական էյֆորիան անկում ապրեց, սակայն հակառակն է՝ հեղափոխական էյֆորիան ավելի մեծացավ»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ հեղափոխության իմաստն իր՝ ՀՀ վարչապետ նշանակվելը չէ, այլ այն, որ ՀՀ քաղաքացին է ընտրում իր վարչապետին։ Նա հիշեցրեց, որ ինքը վարչապետ ընտրվելուց հետո եկել է Հանրապետության հրապարակ ու հայտարարել ժողովրդի հաղթանակի մասին։