00:00:00

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վայոց ձորի նորանշանակ մարզպետին

21:42, 20 հոկտեմբեր 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, հանրակրթական հաստատությունների և առողջապահական կազմակերպությունների տնօրեններին է ներկայացրել ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին։ Նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նրան մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ աշխատանք: Սուրեն Պապիկյանը նշել է, որ լավ ճանաչում է Տրդատ Սարգսյանին՝ որպես գործընկեր և, ողջունելով նրա վերադարձը հայրենի երկրամաս, համոզմունք է հայտնել, որ մարզպետի պաշտոնում Տրդատ Սարգսյանն իր իմացությամբ ու աշխատանքի նկատմամբ դրսևորած մեծ պատասխանատվությամբ կհաջողի մարզը տանել զարգացման ուղիով: Նախարարի պաշտոնակատարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Արագած Սաղաթելյանին և հաջողություններ մաղթել նրան իր հետագա գործունեության ընթացքում Շարունակելով խոսքը՝ Սուրեն Պապիկյանն ասել է, որ երկիրը թևակոխել է նոր փուլ՝ նոր մարտահրավերներով, ու հավելել, որ բոլոր մարտահրավերները պետք է հաղթահարել համատեղ ուժերով, ինչի համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը ՀՀ Սամանադրության և օրենքների շրջանակներում մեծ պատասխանատվությամբ կատարի իր գործը: Նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին՝ իր հանդեպ դրսևորած բարձր վստահության համար: Այնուհետև նշել է, որ արդեն ծանոթ է մարզում առկա խնդիրներին, որոնք լուծելի են , և որոնց լուծմանը կարող են հասնել համատեղ աշխատանքով և պատասխանատու գործունեությամբ: Մարզպետ Տ. Սարգսյանը կարևորել է մարզում տուրիզմի, գինեգործության, խաղողագործության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտների զարգացումը: Ավարտելով խոսքը՝ նորանշանակ մարզպետն ասել է, որ եկել է ծառայելու հարազատ մարզին, յուրաքանչյուր քաղաքացու և անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարզը դառնա լավագույններից մեկը: Սուրեն Պապիկյանն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ մարզը կենսագործունեության տարբեր ոլորտներում ունի չիրացված պոտենցիալ: Իսկ իրացման համար կարևոր է համայնքների ղեկավարների կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը և նրանց լեգիտիմությունը՝ իրենց համայնքներում անդորր, կարգ ու կանոն, աշխատանքային ճիշտ հարաբերություններ հաստատելու համար: Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ բոլոր համայնքները պետք է ունենան զարգացման ողջամիտ ծրագրեր, որոնց իրականացման ճանապարհին ՀՀ կառավարությունը կլինի նրանց կողքին: Վերջում Սուրեն Պապիկյանը կրկին աշխատանքային հաջողություններ է մաղթել նորանշանակ մարզպետին, իսկ վայոցձորցիներին՝ սեր ու համերաշխություն, խաղաղություն ու արգասաբեր գործունեություն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր