00:00:00

Վանեցյանը հավաստիացնում է, որ որևէ առնչություն չունի նախարարի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի և Ֆելիքս Ցոլակյանի նշանակումների հետ

16:53, 16 հոկտեմբեր 2018

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հերքում է մամուլում տարածված լուրերն այն մասին, թե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը իր քավորն է ու նախարարի պաշտոնում նշանակվել է իր միջամտությամբ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանն ընդգծեց, որ Ֆելիքս Ցոլակյանը իր քավորը չէ, իսկ այդպիսի լուրերն ապատեղեկատվություն են: «Ֆելիքս Ցոլակյանն ազգային անվտանգության ծառայության համակարգի հին աշխատողներից է եղել: Երբ ես աշխատանքի եմ ընդունվել ազգային անվտանգության ծառայությունում, նա արդեն համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներից էր: Ես նրան հարգում եմ որպես մարդ, զինվորական, պետական գործիչ, բայց նա իմ քավորը չէ: Սա բոլորին հայտնի փաստ է, ուղղակի վերջին շրջանում շատ մոդայիկ է դարձել ցանկացած հոդվածի մեջ իմ ազգանունը գրելը ու սենսացիա դարձնելը»,- ասաց նա: Արթուր Վանեցյանն անդրադարձավ նաև մամուլում տարածված լուրերին, թե  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը իր կնոջ քրոջ ամուսինն է: Նա հաստատեց այդ փաստը՝ ընդգծելով, որ այն ժամանակ, երբ Գարեգին Բաղրամյանը դարձել է իր կնոջ քրոջ ամուսինը, նա եղել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սովորական աշխատակից: Արթուր Վանեցյանն այս դեպքում էլ հերքեց իր կապը՝ Գարեգին Բաղրամյանին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում նշանակման հետ: «Ես նման լիազորություններ չունեմ, որ որևէ մեկին առաջարկեմ այս կամ այն պաշտոնում նշանակելու համար: Ես միայն ազգային անվտանգության ծառայության համակարգում կարող եմ որևէ անձի որևէ պաշտոնում նշանակել, իսկ երկրի ղեկավարությանն անհրաժեշտության դեպքում  կարող եմ տեղեկություններ տրամադրել այս կամ այն անձի վերաբերյալ»,- մանրամասնեց Վանեցյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր