Հոկտեմբերի 11-12-ն տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Արման Թաթոյանի այցն Արցախ: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ Նախագահ Բակո Սահակյանի, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի, Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը, այդ հարցում համագործակցությանն առնչվող կարևոր հարցեր:
Սկզբունքը հստակ է. չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը խոչընդոտ դառնալ իրավունքների պաշտպանության համար: Միջազգային իրավապաշտպան կառույցները պետք է ընդունեն հանրահայտ այս սկզբունքը, որն ընկած է հենց այդ կառույցների ստեղծման հիմքում: Արցախում էլ են բնակվում մարդիկ՝ կանայք, երեխաներ, հաշմանդամություն ունեցողներ, որոնց պաշտպանությունը, իրավունքների երաշխավորումը չպետք է կախվածության մեջ դրվի տարածքի կարգավիճակից: