00:00:00

Մեր ամենակարեւոր առաքելությունը մարդկանց չխաբելն է, սխալվելուց հետո ներողություն խնդրելու ուժը ունենալն է. Փաշինյան

18:01, 13 հոկտեմբեր 2018

Մեր, չեմ ուզում ասել քաղաքական թիմի, բայց ժողովրդի լիազորությունն ունեցող մարդկանց ամենակարեւոր առաքելությունը մարդկանց չխաբելն է, մարդկանց հետ ազնիվ լինելն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի պաշտոնակալման արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, սխալ է ենթադրել, որ իրենք, Երեւանի քաղաքապետը, մյուս պաշտոնյաները սխալներ թույլ չեն տալու. «Մեզնից ոչ մեկը կատարյալ չէ, եւ ամեն պահի կարող է սխալվել եւ սխալվում ենք: Բայց շատ կարեւոր է մարդկանց չխաբելը: Շատ կարեւոր է, թե ինչո՞ւ է տեղի ունեցել այդ սխալը. նրա համար, որովհետեւ հակված ենք մարդկնց խաբե՞լ, թե՞ ուղղակի սխալվել ենք, որովհետեւ մարդը սխալական է: Մեր ամենակարեւոր առաքելությունը մարդկանց երբեք չխաբելն է, մարդկանց առջեւ կանգնելու, նրանց աչքերին ուղիղ նայելու իրավունքը չկորցնելն է: Մնացածը տեխնիկական հարցեր են, որոնք կլուծվեն, ավելին, սխալվելուց հետո ներողություն խնդրելու իրավունքը ունենալը, դրա ուժն ունենալը, կարեւորությունը գնահատելը»,-ընդգծեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իրենք  պետք է երաշխավորեն, որ կառավարությունում, Երեւանի քաղաքապետարանում գողեր չկան, որոնք գողանում են հարկերը. «Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իր տված հարկերը չեն գողանում: Այո, դեռեւս անարդյունավետ օգտագործման դեպքեր կան, դա ճանապարհ է, որ պետք է անցնենք, բայց յուրաքանչյուր քաղաքացի իր վճարած ամեն կոպեկին այնպես պետք է վերաբերվի, ինչպես... ամեն տանը այդպիսի մի դարակ կա, որ բացում, փողը դնում են: Ամեն մարդ պետք է իր վճարած հարկին վերաբերի այնպես, որ դնում է այն իր տան դարակում, որը նախատեսված է ընտանիքի կարիքների համար»,-հայտարարեց Փաշինյանը: Անդրադառնալով նրան, որ շատերը նշում են, որ գործող իշխանության թիմը շատ երիտասարդ է, ՀՀ վարչապետն ասաց. «Ես շատ կարեւոր եմ համարում, որ երիտասարդների ներկայությունը որեւէ կերպ չմեկնաբանվի ավելի տարիքով անձանց ունակությունների ժխտում: Մենք հասկանում ենք, որ եթե նույնիսկ այդպիսի ընկալում կա, դա մեր բացթողումն է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ պատկերացումը շտկվի: Ուզում եմ իմ խոնարհումը բերել բոլոր այն քաղաքացիներին, որոնք քարը քարի վրա են դրել ու երկար տարիներ կառուցել Երեւանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր