00:00:00

Ահազանգ. Դիլիջանում ոստիկանը կրակել է շան վրա

14:56, 13 հոկտեմբեր 2018

Օրերս Հայաստանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքն է արձանագրվել. Դիլիջան քաղաքում հասարակական վայրում հրազենով կրակել են բակի շան վրա: Ըստ կենդանասերների ահազանգի՝ կրակողը եղել է ՀՀ ոստիկանության ծառայող, հաղորդում է «EcoNews.am»-ը: Այս մասին գրառում է կատարել է նաեւ «Դինգո թիմը». «Դիլիջանում միշտ անտուն կենդանիների վրա ակտիվ որս են անում հենց ոստիկանները: Այդ ցավալի պրակտիկան արդեն տարիների պատմություն ունի: Անտուն կենդանիների որսի ժամանակ զոհ են դառնում նաեւ ՏԵՐՈՎ կենդանիները ու հենց սեփական բակերի ներսում: Սա եզակի դեպք ՉԷ»: Նշված տեղեկությունները ճշտվում են եւ շուտով հայտնի կդառնան մանրամասներ: Ընդգծենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում: 92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաեւ կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով»: Այն, որ շան վրա կրակել է ՀՀ ոստիկանության ծառայող, վկայում են օգտատերերի մեկնաբանությունները, որոնք ներկայացնում են ստորեւ: Տեղեկություններ են հաղորդվում նաեւ մի քանի այլ շների դիակների մասին: Ոլորտում առկա ընդհանուր իրավիճակի մասին մենք խոսեցինք նաեւ «Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի հետ, ով ասաց. «Տարիներ շարունակ մենք ահազանգել ենք այն մասին, որ թե՛ հատուկ ծառայությունները, թե՛ իրավապահ մարմինները պետք է անպատճառ վերահասու լինեն իրավիճակին՝ սկսած ԱԻՆ-ից մինչեւ ոստիկանություն, որովհետեւ կախված կենդանիների շուրջ առաջացած խնդիրներից, այստեղ պետք են հատուկ միջոցներ ձեռնարկել, այդ թվում նաեւ բնակչության վերահսկողության տեսանկյունից: Եվ երբ մենք խոսում ենք սեփականության կամ տիրապետման իրավունքով կենդանիներ ունենալու մասին, ապա այստեղ միանշանակ դաժան վերաբերմունքից մինչեւ նրանց պահման կանոններ, ընդհանուր բնակչության համակեցության խնդիրներ, առաջ գալիս են»: Տարիներ շարունակ կենդանասերներն ու կենդանապաշտպանները բարձրաձայնում են կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք սահմանող օրենքի անհրաժեշտության մասին, սակայն այն այդպես էլ իրականություն չի դառնում: Համալիր օրենքի բացակայության պայմաններում կենդանապաշտպանները ստեղծված իրավիճակի լուծում են փնտրում արդեն գոյություն ունեցող թերի եւ ոչ լիարժեք օրենսդրական ակտերի տարբեր դրույթներում: Հավելենք, որ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի հոդված 35-ի /Կենդանիների բարեկեցությունը պահպանելու գործում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները/ 2-րդ մասում ասվում է. 2. Արգելվում է` ... 2) կենդանիների նկատմամբ դաժանությունը` ա. կենդանուն սպանդի ենթարկելը` խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի կամ մտրակման միջոցով, բ. մաշկահանում, անդամատում կամ դիազերծում` մինչեւ սպանդը, գ. կրակի վրա նետելը, դաժան միջոցներ կիրառելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, դ. թունավորում կամ այնպիսի նյութի ներարկում, որը հանգեցնում է դաժան եւ ցավոտ մահվան... Նշենք, որ այս տարվա օգոստոս ամսին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում քաղաքացին առանց պետհամարանիշի մեքենայով երկու շան էր քարշ տվել: Այս դեպքն առանձնանում է նրանով, որ ՀՀ ոստիկանությունը երկար տարիներ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին ահազանգերին պատշաճ արձագանք չտալուց հետո, առաջին անգամ հայտնաբերեց տվյալ անձին եւ վերջինս պատժվեց օրենքի ուժով: Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության, Տավուշի մարզպետարանի եւ Դիլիջանի քաղաքապետարանի ուշադրությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր