00:00:00

Նիկոլ Փաշինյան շատ բարձր է գնահատում ՖՄԿ գագաթնաժողովն անցկացման մակարդակը

20:04, 12 հոկտեմբեր 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Երևանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի կազմակերպիչներին և իրականացնողներին՝ գագաթնաժողովը բարձր մակարդակով անցկացնելու համար: «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանն արձանագրեց, որ գագաթնաժողովի արդյունքները Հայաստանի համար դրական էին: «Կարող ենք ասել, որ այս իրադարձությունը, որը մեր անկախությունից ի վեր ամենախոշոր միջազգային իրադարձությունն էր մեր երկրում, միանշանակ ծառայեց մեր երկրի միջազգային հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամրապնդմանը և հեղինակության բարձրացմանը»,- ընդգծեց նա: ՀՀ վարչապետի խոսքով՝ գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու գործում շատ մեծ էր ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի դերակատարումը: «Գագաթնաժողովի կազմակերպման ընթացքում շատ մեծ ծառայություն իրականացրեց ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, ամբողջ պետական համակարգը, կամավորները»,-ասաց նա: Փաշինյանը տեղեկացրեց, որ գագաթնաժողովին մասնակցող բարձրաստիճան հյուրերն արդեն հիմնականում մեկնել են, և հյուրերի մեկնման գործընթացը շարունակվում է: «Հույս ունեմ, որ այն ևս բարձր մակարդակով կիրականացվի և մենք այս հրաշալի միջոցառման էջը պատվով կփակենք»,- նշեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նաև իր ֆրանսերենի դասախոս Սյուզան Ղարամյանին և «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպությանը: «Ես շարունակելու եմ ֆրանսերենի, նաև անգլերենի և ռուսերենի ուսումնառությունը, որովհետև լեզվի մակարդակը միշտ էլ պետք է բարձրացնել»,- նկատեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր