00:00:00

Կառավարման ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման Էստոնիայի փորձը կարող է օգտակար լինել. ՀՀ վարչապետ

18:03, 12 հոկտեմբեր 2018

Ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այն ներքին քաղաքական կողմնորոշում է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանք քննարկել են երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման հեռանկարները: Հայաստանի վարչապետը, մասնավորապես, հետաքրքրական է համարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործակցության զարգացումը եւ փորձի փոխանակումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՀՀ կառավարությունը հետեւողական աշխատանքներ է իրականացնում կառավարման ոլորտում թվային տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման ուղղությամբ, եւ այս առումով Էստոնիայի կուտակած փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել: Կերստի Կալյուլայդը նշել է, որ Էստոնիան կարեւորում է Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում` նաեւ ՏՏ ոլորտում համագործակցության ընդլայնումը եւ պատրաստ է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաեւ ժողովրդավարության զարգացման հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին, նշել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այն ներքին քաղաքական կողմնորոշում է, եւ կատարվող արմատական բարեփոխումները նպատակաուղղված են ժողովրդավարության նոր մակարդակի հասնելուն եւ այդ առումով օրինակելի երկիր դառնալուն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր