00:00:00

Հայաստանի ուսանողների համար առաջարկվել է Քվեբեկի ցանկացած համալսարանում սովորելու 10 կրթաթոշակ

15:00, 11 հոկտեմբեր 2018

Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շնորհիվ Հայաստանի ուսանողները հնարավորություն կունենան սովորել Քվեբեկի ցանկացած համալսարանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը: «Ֆրանկոֆոն մի քանի պետությունների հետ ունենք միջպետական համաձայնագրեր, որոնց շրջանակում իրականացնում ենք ուսանողների փոխանակում: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շնորհիվ Քվեբեկի համապատասխան գերատեսչության կողմից Հայաստանի ուսանողների համար առաջարկվել է 10 կրթաթոշակ: Ի դեպ, բացարձակ կապ չունի, թե ինչ ծրագրով՝ բակալավրի, մագիստրոսի, թե այլ: Սա առայժմ կլինի մեկանգամյա միջոցառում, սակայն այն կդառնա լավ հիմք, որ սրա հիման վրա կառուցենք հետագա համագործակցությունը»,- ասաց նախարարի տեղակալը: Արևիկ Անափիոսյանը տեղեկացրեց, որ Ֆրանսիայի հետ փորձում են համաձայնություն ձեռք բերել՝ կապված Հայաստանի կրթական հաստատություններին աջակցելու հետ: Փորձում են հասկանալ, թե Ֆրանսիայի կառավարությունն ինչ ներդրում կարող է ունենալ Հայաստանում կրթական երկու հաստատությունների՝ Ֆրանսիական համալսարանի և ֆրանսիական դպրոցի զարգացման համար: Նախարարի տեղակալը նշեց, որ «Ալյանս Ֆրանսեզը» ֆրանկոֆոնիայի շրջանակում ուսուցիչների համար կազմակերպել է ֆրանսերեն լեզվի մասնագիտական զարգացման դասընթացներ: Առաջարկվել է դասընթացներ անցկացնել նախարարության որոշ աշխատակիցների համար, ովքեր ունեցել են համապատասխան մակարդակի գիտելիքներ: «Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել ֆրանկոֆոն երկրների տարբեր մակարդակների ներկայացուցիչների հետ, ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ ինչպես բուհական, այնպես էլ դպրոցական մակարդակում: Հայաստան են ժամանել ֆրանկոֆոն համալսարանների ներկայացուցիչներ, որոնց հետ ունենք նախնական պայմանավորվածություն՝ մեր բուհերի համապատասխան ֆակուլտետների ու ամբիոնների հետ աշխատելու համար»,- ասաց Արևիկ Անափիոսյանը: Նա տեղեկացրեց, որ այս օրերին Ֆրանսիայից Բելգիայից մի շարք այլ երկրներից նաև մասնավոր այցերով տարբեր բուհերից ներկայացուցիչներ են գալիս Հայաստան և այցելում կրթական հաստատություններ: Արևիկ Անափիոսյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է համագործակցության հուշագիր կնքել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր