00:00:00

Գյուղապետը տիրացել է նույն գյուղի բնակչուհու առանձնատանը. Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում

17:14, 09 հոկտեմբեր 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունել մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից առերեւույթ ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: 2018թ. հուլիսի 31-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզի համայնքներից մեկի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչուհու  առանձնատանը սահմանված կարգի խախտմամբ տիրանալու դեպքի առթիվ, որը, նախաքննություն կատարելու համար, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչություն է ստացվել 2018թ. օգոստոսի 7-ին: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, չունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 170-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից եւ որեւէ մեկը, խախտելով  ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածով սահմանված սեփականության ձեռքբերման կարգը, 2000 թվականի փետրվար ամսից տիրացել է նույն համայնքի բնակչուհուն պատկանող առանձնատանը՝ վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Բնակչուհին ճանաչվել է տուժող: Բավարար ապացույցների համակցությամբ՝ 2018թ. հոկտեմբերի 6-ին քննիչը որոշում է կայացրել՝ համայնքի ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրան ծանուցվել է՝ վարույթն իրականացնող մարմնին ներակայանալու վերաբերյալ, սակայն նա, առանց հարգելի պատճառի, քննությանը չի ներկայացել: Նկատի ունենալով, որ մեղադրյալը չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ 2018թ. հոկտեմբերի 8-ին որոշում է կայացվել՝ համայնքի ղեկավարին բերման ենթարկելու մասին: ՀՀ ոստիկանության ՏՄՎ Իջեւանի բաժնից ստացվել է գրություն առ այն, որ համայնքի ղեկավարը բացակայում է բնակության վայրից: Ուստի՝ 2018թ. հոկտեմբերի 8-ին քննիչը որոշում է կայացրել՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրություն կիրառելու եւ հետախուզում հայտարարելու մասին: Նույն օրը՝ հոկտեմբերի 8-ին, քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն  իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել՝ համայնքի ղեկավարի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր