ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Ռուզաննա Ադանալյանի հայտարարությունների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, պարզաբանման մեջ ասվում է.
Ռուզաննա Ադանալյանի՝ այսօր ՀՀ Կառավարության շենքի մուտքի դիմաց արած հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հանրությանը իրազեկել հետևյալի մասին:
Չնայած ՀՀ գլխավոր դատախազությունից ընդհուպ էթիկայի սահմաններն անցնող ձևակերպումներով արտահայտվող դժգոհություններին՝ իր որդու՝ Արտյոմ Ադանալյանիսպանության հանգամանքների, իրականացված քննության վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանին բազմիցս տրվել են պարզաբանումներ: Բավական է միայն նշել, որ տիկին Ադանալյանին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետը, այնուհետև՝ երկու ընդունելություններ կազմակերպվել են ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալների մասնակցությամբ:
Կազմակերպված ընդունելության ժամանակ Ռ. Ադանալյանի ներկայացրած փաստարկները, տեղեկանքի ձևով, ուղարկվել են գործով մեղադրողին՝ մեղադրանքի պաշտպանության շրջանակներում դրանք քննարկելու և ստուգելու համար, որի հիման վրա իրականացվել են հավելյալ դատավարական գործողություններ:
- Նրա կողմից վարկած է առաջ քաշվել որդու սպանությանը կոնկրետ անձի՝ Հովհաննես Թոփչյանի առնչության մասին: Գործով ձեռք բերված ապացույցներով այն չի հաստատվել. քեական գործով հարցաքննված և դեպքի մանրամասները ներկայացրած որևէ վկա Հովհաննես Թոփչյանի դեպքի վայրում գտնվելու և կատարված հանցագործությանը նրա հնարավոր մասնակցության մասին ոչ միայն չի հայտնել, այլև հետագա հարցաքննությունների ժամանակ հերքել են այդ մասին տուժողի իրավահաջորդի հայտնած կասկածները։ Այդ մասին որևէ տվյալ չի հայտնել նաև տուժողի հայրը՝ գործով վկա Ավետիք Ադանալյանը, ով գտնվել է դեպքի վայրում և ականատես եղել որդու սպանության հետ կապված իրադարձություններին։ Այդուհանդերձ, միջոցառումներ են իրականացվել Հ. Թոփչյանին հարցաքննելու ուղղությամբ, սակայն պարզվել է, որ վերջինս բացակայում է Հայաստանից։ Հ. Թոփչյանին հայտնաբերելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու վերաբերյալ հետաքննության մարմնին տրվել են բազմաթիվ հանձնարարություններ, որոնց կատարումն արդյունք չի տվել:
- Տիկին Ադանալյանը հայտարարել է, որ որդուն մարմնական վնասվածքները հասցվել են տարբեր գործիքներով, որով ևս տուժողի իրավահաջորդը փորձել է հիմնավորել սպանությունը խմբով կատարված լինելու հանգամանքը: Սակայն դատաբժշկական փորձաքննությունների (այդ թվում՝ փորձաքննության այլ տեսակների հետ համալիր) եզրակացություններից, դրանք տված փորձագետների՝ դատարանում տված ցուցմունքներից հետում է, որ մարմնական վնասվածքների չափերի տարբերություններն ինքնին չեն կարող հաստատել տարբեր գործիքներով դրանք հասցված լինելը: Փորձաքննության եզրակացությամբ ընդամենը չի բացառվել վնասվածքները ինչպես չափային և այլ հատկանիշներով նույնական երկու, այնպես էլ մեկ գործիքով պատճառելը:
- Արտյոմ Ադանալյանի սպանության հանգամանքների վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանի առաջ քաշած վարկածները պարբերաբար փոփոխվել են: Նա պնդել է, որ իրենց տանը սպանությունը կատարվել է թմրանյութերի իրացման հետ կապված:
- Ապա Ռուզաննա Ադանալյանը որդու սպանությունը կապել է նախորդ օրերին նախկին ամուսնու՝ Ավետիք Ադանալյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանությունների հետ՝ որպես նրանից վրեժ լուծելու միջոց: Ավելի ուշ Ռուզաննա Ադանալյանը ցուցմունքներով նշել է, որ սպանությունը կազմակերպել է Շիրակի մարզպետարանի աշխատակից Լուսինե Գինոսյանը՝ իր հետ ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով: Այս պնդումը ոստիկանության միջոցով ևս ստուգվել է, և դրա հետ կապված ևս որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել:
- Ռուզաննա Ադանալյանը նաև պնդել է, որ շտապօգնության բրիգադը միտումնավոր պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերել որդուն, ավելին՝ Արտյոմ Ադանալյանին «թույն» է ներարկվել: Այս պնդումները ևս ուսումնասիրության առարկա են դարձվել, և պարզվել է, որ տուժողին ներարկվել է Շտապ բժշկական օգնության մեքենաների դեղարկղերի դեղերի ցանկում ներառվող «Ատրոպին» դեղամիջոցը: